Արա Աբրահամյան․ Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի հետ. այլընտրանք չկա
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը TASS-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ պատմականորեն եղել է ռուսական պետության ամենամտերիմ երկրներից մեկը։
Չնայած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, թե ինքը շատ լավ հարաբերություններ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրականությունը այլ է, կարծում է Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները վատացել են։
«Ես կարծում եմ, որ մենք պետք է լինենք Ռուսաստանի հետ, այսօր այլընտրանք չունենք։ Բացի այդ, իրավիճակն այնպիսին չէ, որ մեզ ամենուր սպասում են, հրավիրում, իսկ մենք ընտրում ենք։ Մեզ ոչ ոք չի հրավիրում, մենք ենք նրանց խնդրում։ Եվրամիությունում ասում են՝ այո, իհարկե։ Բայց ինչո՞ւ են նրանք այդպես ասում։ Նույն պատճառով, ինչի համար այսօր ուկրաինացիներին փող և զենք են տալիս՝ Ռուսաստանին վնասելու համար։ Փաշինյանին էլ են նույնն առաջարկում, իսկ նա դա չի հասկանում։ Ես վախենում եմ, որ նա վերջնականապես կքանդի… պետությունը», - հայտարարել է Աբրահամյանը։
Աբրահամյանն ասել է. «Բայց մենք ունենք քաղաքական համաձայնագրեր, փաստաթղթեր, Հայաստանը պատմականորեն Ռուսաստանին ամենամտերիմ երկրներից է, ուստի սա Հայաստանի ներքին գործը չէ։ Ցավոք, այսօր մենք ստիպված ենք նաև Ռուսաստանում պաշտպանել մեր շահերը»։
Ռուսաստանի Դաշնությունում ընդհանուր առմամբ ապրում է ավելի քան 3 միլիոն հայ, որը ամենամեծ սփյուռքն է։ «Մենք ռուսներ ենք, նույնիսկ եթե շատերը, ինչպես ես, ունեն նաև Հայաստանի քաղաքացիություն։ Ռուսաստանը մեր հայրենիքն է», - ընդգծել է Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետը սփյուռքի հետ կառուցողական աշխատանքի ծրագիր չունի։ Միության նախագահը հիշեցրել է, որ դեռ մինչ Փաշինյանի իշխանության գալը օրենքներ են ընդունվել, որոնք քաղաքացիներին զրկել են հանրապետության սահմաններից դուրս քվեարկելու իրավունքից։
«Ինչ վերաբերում է սփյուռքի վերաբերմունքին Հայաստանում տիրող ներկա իրավիճակի նկատմամբ, ապա այն վատ է։ Նրանք (Հայաստանում) ասում են՝ մենք գնում ենք Եվրոպա, Արևմուտք, Ամերիկա։ Իսկ ես մի անգամ թվարկել էի 20 պատճառ, թե ինչու մենք պետք է լինենք Ռուսաստանի հետ։ Պատերազմի սկզբին (2020 թվականին Ղարաբաղում) Փաշինյանն աշխատանքից ազատել է պրոֆեսիոնալ ղեկավարների, ամեն ինչ արել է, որ մենք կորցնենք Ղարաբաղը», - ասել է Աբրահամյանը։
Միության նախագահը «աբսուրդային» է համարում «Փաշինյանի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներում շրջանառվող թեզերը», որոնք Երևանի բոլոր խնդիրների համար մեղադրում են Մոսկվային։ «Նախկինում բնակչության 90-95%-ը ռուսամետ էր, իսկ հիմա, ցավոք, ժողովուրդը վախենում է»,- ասել է նա։
Հայաստանի հեռանկարները ԵՄ-ում
Աբրահամյանը կարծում է, որ Եվրոպան, որի հետ Հայաստանը ջանք է գործադրում կապեր հաստատելու համար, դժվար թե ձգտի մերձեցման։ Նա հիշեցրել է այն պայմանագրի բացակայության մասին, որը կապահովեր կոլեկտիվ անվտանգություն և թույլ կտար հայկական արտադրանքը վաճառել Եվրամիության երկրներում։
«Միայն խոսակցություններ են, միայն խոստումներ։ Օրինակ՝ Սերբիան։ Նրանք գտնվում են Եվրոպայի կենտրոնում, բայց Եվրամիության անդամ չեն։ Մեկ այլ օրինակ՝ Բուլղարիան։ Այն հիմնականում գյուղատնտեսական երկիր էր, իսկ այսօր, գտնվելով Եվրոպայում, չի կարողանում վաճառել իր արտադրանքը, այնտեղ գյուղատնտեսությունը ոչնչացված է։ Եվ եթե Հայաստանը շատ ցանկանա իր ապրանքները վաճառել այդ շուկայում, ապա չի կարողանա։ Մի շարք օբյեկտիվ պատճառներով։ Բանջարեղենի կամ մրգային արտադրանքի, պահածոների արտահանման համար սարքավորումների արդիականացման համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ ժամանակ։ Դա այդքան էլ հեշտ չէ։ Իսկ խոսքերը միայն խոսքեր են, դրանցով արտադրանքը եվրոպական շուկա չես մտցնի», - ասել է Աբրահամյանը։
News.am