ԱԳՆ-ն «Ազատություն» ռադիոկայանին մեղադրել է Սյունիքով անցնող ճանապարհի մասին կեղծ թեզեր տարածելու մեջ
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը մեղադրել է Սյունիքով անցնող ճանապարհի և դրա՝ ԱՄՆ վերահսկողությանը հնարավոր հանձնելու վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու մեջ։ Նա նշել է, որ կեղծ թեզերը հրապարակվել են ռուսական «Ռոսիա սեգոդնյա» (Россия сегодня) հեռուստաալիքի նյութերի հետ զուգահեռ։
«Նման հրապարակումներում արտացոլված «տեղեկություններն» իրականության հետ որևէ աղերս չունեն, և մեր կողմից գնահատվում են որպես ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ հիբրիդային պատերազմի մաս»,- ասվում է հայտարարության մեջ։
Բադալյանն ընդգծել է, որ ռուսական և արևմտյան լրատվամիջոցների հրապարակումները լույս են տեսել գրեթե միաժամանակ՝ նույնատիպ վերնագրերով, բովանդակությամբ և ուղեկցող լուսանկարների կոլաժներով, ինչը, ըստ նրա, բացառում է պատահականությունը։
Նա «Ազատություն» ռադիոկայանին քննադատել է «Սյունիք» բառի փոխարեն «Զանգեզուր» տերմինն օգտագործելու համար՝ դա համարելով անհարգալից վերաբերմունք Հայաստանի տարածքային ամբողջականությանը։
Ըստ նրա, նյութը հրապարակվել է առանց Արտաքին գործերի նախարարության պաշտոնական դիրքորոշումը հարցնելու՝ չնայած այն հանգամանքին, որ ինքը կապի մեջ է խմբագրության հետ և պահանջել է հեռացնել հրապարակումը։
Բադալյանը միջադեպն անվանել է «մանիպուլյացիա, պրոֆեսիոնալիզմի և բարեխիղճ լրագրության պակաս»։
Հունիսի 25-ին ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը հրապարակել էր մի տեսանյութ, որը քննադատության ալիք էր առաջացրել ադրբեջանական իշխանությունների պատմությունը կրկնելու համար: Տեսանյութում Սյունիքի հայկական մարզով անցնող երթուղին անվանվել էր «Զանգեզուրի միջանցք»:
«Իրանը վախենում է դրանից: Թուրքիան երազում է դրա մասին: ԱՄՆ-ն ուզում է իր բաժինը: Բարի գալուստ Զանգեզուր»,- ասվում էր այժմ ջնջված հրապարակման մեջ:
Ճանապարհը ներկայացվում էր որպես «իրականացած երազանք» Թուրքիայի համար՝ ապահովելով ուղիղ ցամաքային ճանապարհ իր թուրք դաշնակիցների համար, և «մղձավանջ» Իրանի համար, որը, հեղինակների խոսքով, վտանգում է դուրս մղվել տարածաշրջանից:
Հրապարակմանը սուր արձագանքել էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին, որը հրապարակայնորեն քննադատել էր այն։ «Սա Սյունիքն է, սըր (պարո՛ն), և սա Հայաստանի ինքնիշխան տարածքն է: Հիշե՛ք դա»,- գրել էր նա X-ում:
Armenia Today