Ալիևի օգնականը դատապարտել է իսրայելական ագրեսիան

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը դատապարտել է 12-օրյա պարտադրված պատերազմի ընթացքում Իրանի տարածքների դեմ իսրայելական ագրեսիան, հայտնում է Mehr-ը։

Կիրակի օրը Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԲԽ) արտաքին քաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով քարտուղարի տեղակալի հետ հեռախոսազրույցում Հաջիևը դատապարտել է Իրանի տարածքների դեմ իսրայելական ագրեսիան, որը հանգեցրել է իրանցի բարձրաստիճան զորահրամանատարների, միջուկային գիտնականների և քաղաքացիական անձանց մահվան, ընդգծում է իրանական լրատվամիջոցը։

«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են երկկողմ հարաբերությունների մակարդակի բարձրացման և երկու հարևան երկրների նախագահների միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման արագացման կարևորությունը։ Երկու կողմերը նաև որոշել են շարունակել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի՝ Բաքու կատարելիք այցի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը, որն ուղղված է Ադրբեջանի Հանրապետությունում սովորող իրանցի ուսանողների խնդրի լուծմանը»,- գրում է Mehr-ը։

News.am