Թաթոյան. Փաշինյանը հակաքրիստոնեական և ապօրինի քայլեր է կատարում Եկեղեցու հանդեպ

Այն, ինչ այսօր անում է վարչապետը եկեղեցու դեմ բացարձակ ապօրինի գործընթաց է։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 27–ին, Մայր աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Նրա խոսքով՝ վարչապետը, թաքնվելով Հայոց եկեղեցու հավատավոր լինելու արտահայտության տակ, իրականում ծավալում է Հայ առաքելական սուրբ եկեղեցին պառակտող և հայ ժողովրդի մեջ թշնամանք սերմանող գործունեություն։

Թաթոյանը հիշեցրեց, որ Փաշինյանն իր` վարչապետի կարգավիճակից բխող կոնկրետ լիազորություններ ունի, որոնցից ցանկացած շեղում արդեն օրենքի կոպիտ խախտում է։

«Նույնը վերաբերում է նախարարներին, պաշտոնյաներին, պատգամավորներին։ Տպավորություն է, որ սա կազմակերպված գործընթաց է՝ հստակ դերաբաշխմամբ։ Վարչապետից բխում է ամբողջ քաղաքականությունը նա տարածում է գաղափարներ, իսկ հետո բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ պատգամավորներ, որոշ նախարարներ, սկսում են դրանք իրականացնել։ Բացեք, ցույց տվեք որևէ օրենք, օրեէ կարգ, որտեղ նախատեսված են նրա այդ գործողությունները։ Նա ընթացակարգ է մշակել, չափանիշներ է որոշել։ Ո՞վ գիտի՝ այդ չափանիշները ոնց են որոշվել, ինչպես է արվել», – ընդգծեց նա։

Արման Թաթոյանի կարծիքով՝ հայոց պատմությունն ապացուցել է, որ պետականությունն ուժեղ է, երբ աշխարհիկ ու հոգևոր իշխանությունները գործել են միասնական։

«Այս գործընթացը համահունչ է և հրաշալի համընկնում է Ադրբեջանի քաղաքականության հետ։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը Եկեղեցիների համաշխարհային խորհրդին օրեր առաջ նամակ էր հղել։ Այդ նամակի բովանդակության մեջ նույն բառերն են, նույն տերմիններն են, որ ՀՀ վարչապետն է օգտագործում։ Իսկ դա Ադրբեջանում Հայաստանի զավթման, ոչնչացման քաղաքականության մաս է։

Թաթոյանը հայտարարեց, որ Փաշինյանի գործողություններում քրեորեն պատժելի արարքներ կան. «Առաջինը անհանդուրժողականություն տարածելը՝ պայմանավորված կրոնական, քաղաքական, սոցիալական հիմքերով ու հայացքներով։ Սա արվում է իշխանական լիազորություններն օգտագործելով։ Մյուս կողմից ապօրինի կերպով նա հանձնարարել է անձնական տվյալներ հավաքել բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ»։

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 23–ին հայտարարեց, որ «Վեհարանն ազատագրելու» շարժման անդամները պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների ու ինքը համապատասխանում է դրանց և կարող է առաջնորդել շարժումը։ Նա առաջարկեց Գարեգին Երկրորդին հեռացնելուց հետո կաթողիկոսական տեղապահ նշանակել բարեվարքությամբ աչքի ընկնող ամուսնացյալ քահանայի, իսկ կաթողիկոսական նոր ընտրությունների առաջ աշխարհաբար թարգմանել «Կանոնագիրք հայոց»–ը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։

Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:

Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։

Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։

News.am