BBC. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԱԾԵՑ, ՈՐ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԳՆԵԼ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ, ԵՎ ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ԱՉՔ ԿՓԱԿԻ ՂԱՐԱԲԱՂԻ ՎՐԱ

2022 թվականին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Եվրամիության առաջնորդները խաղադրույք կատարեցին Ադրբեջանի վրա՝ որպես էներգետիկ գործընկերոջ՝ ռուսաստանյան գազից կախվածությունը նվազեցնելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Քննադատներն ասում են, որ դրա արդյունքը դարձան Ադրբեջանում լայնածավալ բռնաճնշումները, իսկ ԵՄ-ն դավաճանեց իր սկզբունքները՝ չլուծելով գազի հետ կապված խնդիրները։

Այս տարվա մայիսին Տիրանայում Ալիևի և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների ջերմ հանդիպման կադրերը վրդովեցրել են Ադրբեջանի նախագահի քննադատներին։

Դրանից մեկ ամիս առաջ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ժամանել էր Բաքու՝ մամուլի դեմ հետապնդումների ամենաթեժ պահին և երկրում ՄԱԿ-ի հիմնական ներկայացուցչությունների ու Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց անմիջապես հետո։

Երկու կողմերի հարաբերություններում նոր փուլ մեկնարկեց 2022-ի հուլիսին, երբ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ադրբեջանը հռչակեց «ռուսաստանյան հանածո վառելիքից հրաժարվելու ջանքերում առանցքային գործընկեր»։

Հաջորդ երեք տարիների ընթացքում Իլհամ Ալիևը հինգերորդ անգամ ընտրվեց նախագահ, իսկ նրա կառավարման ժամկետը գերազանցեց 21 տարին։

Նրա իշխանությունն ամրապնդեց ղարաբաղյան պատերազմում վերջնական հաղթանակը, որը հանգեցրեց տարածաշրջանի ողջ հայ բնակչության արտագաղթին։

Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը, իրավապաշտպանների գնահատականներով, հարյուրից հասել է ավելի քան 350-ի, իսկ անկախ լրագրողներին սկսել են բանտեր ուղարկել ամբողջ խմբագրություններով, ընդգծում է BBC-ն։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ անցյալ տարվա դեկտեմբերին Եվրախորհրդարանը ընդունել է այս բոլոր խնդիրները՝ կոչ անելով Եվրահանձնաժողովին անհատական պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ և «վերջ դնել ադրբեջանական գազի ներկրումից կախվածությանը»։ Սակայն Եվրախորհրդարանի բանաձևերը կրում են խորհրդատվական բնույթ և ոչնչով չեն պարտավորեցնում միության միջազգային քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյաներին։

Ալիևը, որն ընդդիմությանը «հինգերորդ շարասյուն» է անվանում, ձերբակալությունները բացատրում էր «մեդիատարածքը արտաքին բացասական ազդեցությունից պաշտպանելով», իսկ միջազգային կազմակերպություններին մեղադրում էր կողմնակալության և երկրի ներքին գործերին միջամտելու մեջ։

Ադրբեջանցի ընդդիմադիրներին վրդովեցնում է, որ եվրոպացի պաշտոնյաները, որոնք մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանությունը հռչակում են Եվրամիության ռազմավարական շահ և պարտք, կարծես թե բացառություն են անում իրենց երկրի համար։

Սակայն որոշ եվրոպացի դիտորդներ էլ ավելի լուրջ մեղադրանք են առաջադրում. ԵՄ-ն ոչ թե պարզապես անտեսում է բռնաճնշումները, այլ եվրոպական քաղաքականությունն է հանգեցրել դրանց։

«Բռնաճնշումները, այլախոհների, բլոգերների և ընդդիմադիրների ձերբակալությունները միշտ էլ գրգռիչ են եղել Բաքվի և Բրյուսելի հարաբերություններում», - ասում է Էլդար Մամեդովը՝ լատվիացի նախկին դիվանագետը, որը հետագայում ծառայել է որպես Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խմբակցության արտաքին քաղաքականության խորհրդական։ «Սակայն Ուկրաինայում ռուսաստանյան ագրեսիայից հետո այդ հարցը պաշտոնական մակարդակում գրեթե հանվեց օրակարգից»։

Բրյուսելը մերժում է այս քննադատությունը, բայց ի՞նչ հաղթաթղթեր կարող է ունենալ Բաքուն ԵՄ-ի հետ հարաբերություններում։

Հաղթաթուղթ առաջին. գազ

Մինչև 2022 թվականը Ռուսաստանին բաժին էր ընկնում եվրոպական գազի ներկրման մոտ 45%-ը։

Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումը Եվրամիությանը ստիպեց գիտակցել դրա կարևոր խոցելիությունը, և արդեն երկու տարի անց ռուսաստանյան բաժինը հաջողվեց կրճատել ավելի քան երկու անգամ՝ հասցնելով գրեթե 19%։

Այս գործընթացում հիմնական դերը խաղաց ծովով, այլ ոչ թե խողովակաշարերով հեղուկացված բնական գազի մատակարարումների վերակողմնորոշումը. դա թույլ տվեց ավելի շատ գնել այնպիսի երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Քաթարը և Եգիպտոսը։

Բայց իր դերն ունեցավ նաև Ադրբեջանը՝ ավելացնելով մատակարարումները 2021 թվականի 8,2 մլրդ խմ-ից մինչև 2024 թվականի գրեթե 13 մլրդ խմ։

ԵՄ ընդհանուր մասշտաբով Ադրբեջանի բաժինը գազի ներկրման մեջ մնում է համեստ՝ 4,3%։

Սակայն իրավիճակն այլ է միության այն երկրներում, որոնք Ադրբեջանի հետ կապված են «Հարավային գազային միջանցքով»։

Բուլղարիան դրանով ստանում է իր գազի մոտ 40%-ը, իսկ Հունաստանն ու Իտալիան՝ 15%-ից ավելին։

Չի կարելի ասել, որ ԵՄ-ն կախված է Բաքվից. Բրյուսելի ռազմավարությունն այն է որ, ընդհակառակը, խուսափի նման կախվածությունից՝ դիվերսիֆիկացնելով մատակարարումները։

«Եվրոպայում լույսը չի անջատվի ադրբեջանական գազի բացակայության պատճառով», - նշում է Բեն Գոդվինը՝ PRISM խորհրդատվական ընկերության տնտեսական վերլուծաբանը, որն աշխատում է նաև Հարավային Կովկասի հետ։

Բայց խնդիրն այն է, որ ԵՄ-ն Բաքվի հետ բանակցություններում հաղթաթղթեր չունի, BBC-ի հետ զրույցում նշում է բարձրաստիճան մի եվրոպացի դիվանագետ, որը չի կարող հրապարակայնորեն մեկնաբանել այս թեման։

«Ադրբեջանն այժմ բավականին հարմարավետ վիճակում է արտաքին ճնշման տեսանկյունից», - ասում է նա։ «Ես չեմ տեսնում, որ Եվրոպան՝ որպես միասնական ուժ, կարող է Ադրբեջանին հայտարարել, որ մենք այլևս ձեր գազը չենք գնի։ Որովհետև իտալացիները, հույները, բալկանյան երկրները միևնույն է կասեն. «Ո՛չ, մենք չենք կարող, մեզ պետք է ադրբեջանական գազը»։ Այս իրավիճակում Եվրոպան Ադրբեջանի վրա ճնշման զգալի լծակներ չունի»։

Էներգետիկ գործընկերությունը «չի փոխում մեր դիրքորոշումը Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ», - BBC-ի հետ զրույցում հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը։

Հաղթաթուղթ երկրորդ. Ռուսաստան

Հունիսին Ռուսաստանում ձերբակալված երկու ադրբեջանցիների մահվանն ի պատասխան Բաքվի արձագանքը երկու երկրների համար ոչ սովորական, բայց և ոչ աննախադեպ իրադարձություն էր, որը շատերի համար անակնկալ դարձավ։

Ադրբեջանի իշխանությունները չեղարկեցին ռուսաստանյան մշակութային միջոցառումները, ձերբակալեցին «Спутник» ռուսաստանյան գործակալության աշխատակիցներին և սովորական ռելոկանտների, իսկ պետական լրատվամիջոցներում Ռուսաստանը համեմատում էին նացիստական Գերմանիայի հետ։

Այս ամենը նոր ցածր մակարդակի հասցրեց երկու երկրների հարաբերությունները, որոնք խիստ տուժել էին անցյալ տարվա դեկտեմբերին Ակտաուի մոտ «Ադրբեջանական ավիաուղիների» մարդատար ինքնաթիռի կործանումից հետո։

Ներկայիս սրացումը մի քանի պատճառ ունի, որոնցից հիմնականը, քաղաքագետների դիտարկմամբ, Բաքվի փորձն է՝ Մոսկվայի հետ հարաբերություններում իրեն հավասարազոր գործընկերոջ կարգավիճակ նվաճել։ Բայց սա նաև ազդանշան է Արևմուտքին։

«Ադրբեջանն առաջ է մղում Պուտինի հակառակորդի իր իմիջը», - նկատում է կովկասագետ Կիրիլ Կրիվոշեևը։

Ալիևը ԱՊՀ երկրների՝ ավանդաբար Ռուսաստանին բարեկամ պետությունների միության, միակ ղեկավարն էր, որը չգնաց Մոսկվա՝ մայիսի 9-ի շքերթին (Մոլդովան ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացում է)։

Ալիևը Ռուսաստանի կողմից զավթված Ուկրաինայի տարածքներն անվանում է օկուպացված և Ուկրաինային մարդասիրական օգնություն է տրամադրում։

Կիրիլ Կրիվոշեևը Ալիևին համեմատում է Նիկոլաե Չաուշեսկուի հետ՝ ռումինացի դաժան բռնապետի, որը, չնայած Մոսկվայի հետ պաշտոնապես դաշնակցային հարաբերություններին, դատապարտեց 1968 թվականին Պրահա խորհրդային ներխուժումը։

Մոսկվան, իր հերթին, շատ բան է ներում Բաքվին, այդ թվում՝ Ադրբեջանով անցնող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի արևմտյան ճյուղի պատճառով, որն ապահովում է Ռուսաստանի կապը Հնդկաստանի և Պարսից ծոցի երկրների հետ, ինչը հատկապես կարևոր է Եվրոպայի հետ առևտրի կրճատման պայմաններում։ Անցյալ տարի միջանցքով տարանցումն աճել է 28%-ով։

Այս տարի Մոսկվան և Բաքուն պայմանավորվել են ընդլայնել «Հյուսիս-Հարավ» միջանցքը։

Հաղթաթուղթ երրորդ. խաչմերուկ-երկիր

Ադրբեջանով է անցնում այսպես կոչված Միջին միջանցքը (պաշտոնապես՝ Տրանսկասպյան տրանսպորտային երթուղի), որով ապրանքները Չինաստանից Եվրոպա են գնում՝ շրջանցելով պատժամիջոցների տակ գտնվող Իրանն ու Ռուսաստանը։

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո դրանով փոխադրումների ծավալն աճել է ավելի քան հինգ անգամ։

Բաքուն միլիարդավոր դոլարներ է ծախսում տարանցիկ նախագծերի հետ կապված ենթակառուցվածքների զարգացման և աջակցության վրա։

«Ադրբեջանը ռազմավարական կարևոր դիրքում է», - նշում է Բեն Գոդվինը PRISM խորհրդատվական ընկերությունից։ «Սա Կասպից ծովով տարանցման միակ ճանապարհն է»։

Կույր խաղ

2022 թվականին Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Բաքու «100%-ով ազատեց Ալիևի ձեռքերը», - ասում է ԵՄ-ի և Ադրբեջանի մերձեցման քննադատ Էլդար Մամեդովը և հավելում, որ Բրյուսելն իր արժեքներն անտեսեց գրեթե «ձրի»։

Ադրբեջանն իսկապես կարողացավ օգտվել իրավիճակից, համաձայնում է բարձրաստիճան մի եվրոպացի դիվանագետ, որը խնդրել է անանուն մնալ, քանի որ չի կարող հրապարակայնորեն մեկնաբանել այս թեման. «Նրանք տեսնում են, որ բոլոր կողմերը ցանկանում են իրենց հետ բարեկամություն անել, և օգտվում են դրանից, ինչպես կարող են»։

Շրջադարձային պահ նա համարում է Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա, որը խարխլեց համաշխարհային կարգը և Բաքվին դրդեց ուժային ճանապարհով վերադարձնել Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում գտնվող առավելապես հայաբնակ տարածաշրջանը, որը միության փլուզումից անմիջապես հետո անցել էր Հայաստանի վերահսկողության տակ։

Ըստ դիվանագետի, ադրբեջանական իշխանությունները մտածել են, որ, թերևս, «կարող են գնել Արևմուտքին, իսկ Արևմուտքը աչք կփակի, երբ նրանք շարժվեն դեպի Լեռնային Ղարաբաղ»։

Որոշ եվրոպացի դիվանագետներ շարունակում են դատապարտել Բաքվի քաղաքականությունը և քաղբանտարկյալներին այցելելու հարցումներ անել, բայց դա «քիչ արդյունք է տալիս», - ասում է Բրյուսելի քաղաքականությանը լավ ծանոթ մեկ այլ եվրոպացի դիվանագետ, որը նույնպես խնդրել է անանուն մնալ. «Մեզ բոլորովին դուր չի գալիս, թե ինչ է կատարվում, բայց մենք քիչ բան կարող ենք անել»։

Այս տարվա մայիսին Ադրբեջանն ազատ արձակեց Թեո Կլերկին՝ ֆրանսիացի նկարչին, որը դատապարտվել էր Բաքվի մետրոյում գրաֆիտի անելու համար։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում էին, որ Կլերկին ազատ են արձակել Կայա Կալասի անձնական խնդրանքով։

Կալասը դա անվանել է «լուռ դիվանագիտության» արդյունք և նշել. «Ես կշարունակեմ իմ ներդրումն ունենալ արտերկրում մեր քաղաքացիներին աջակցելու գործում»։

Բայց Ադրբեջանի կողմից սեփական քաղաքացիների հետապնդումների մասին Կալասը, առնվազն հրապարակայնորեն, չի խոսում։

Հունիսին յոթ լրագրող դատապարտվեց յոթուկեսից մինչև ինը տարվա ազատազրկման. նրանցից վեցն աշխատում էր այն պարբերականում, որը հետաքննություններ էր անում Իլհամ Ալիևի բիզնեսների մասին։ Իսկ Բահրուզ Սամեդովին՝ երիտասարդ գիտնականին, որը մեղադրվում էր հայերի հետ նամակագրության համար պետական դավաճանության մեջ, հունիսի վերջին տվեցին 15 տարի. ըստ ընկերների, Սամեդովը փորձել է ինքնասպան լինել բանտում։

Եվրամիությունն անհանգստացած է Ադրբեջանում «քաղաքացիական տարածքի կրճատմամբ» և կոչ է անում Բաքվին «ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են իրենց հիմնարար իրավունքներն իրականացնելու համար», - BBC-ի հարցմանն ի պատասխան հայտարարել են Եվրահանձնաժողովում։

«ԵՄ-ն հետևողականորեն իր մտահոգությունն է հայտնել բոլոր մակարդակներում՝ ինչպես հրապարակային, այնպես էլ մասնավոր կերպով», այդ թվում՝ Բաքու Կալասի այցի ժամանակ, հավելել է հանձնաժողովի ներկայացուցիչը։

Դարի խաղադրույքը

1990-ականների սկզբին Ադրբեջանը, որը քայքայվել էր ԽՍՀՄ փլուզումից և Ղարաբաղում պատերազմից, պայմանագիր ստորագրեց դեպի Եվրոպա նավթամուղ կառուցելու մասին՝ այդ պայմանագիրն անվանելով «դարի պայմանագիր»։ Նախագահ Հեյդար Ալիևը խոստանում էր լուսավոր ապագա, որը կգա, երբ երկիր կհորդեն միլիարդավոր նավթադոլարներ։

Քսան տարի անց, կանգնած Հեյդար Ալիևի անվան կենտրոնի բեմում, նրա որդի և իրավահաջորդ Իլհամը հայտարարեց, որ «դարի պայմանագիրը» թույլ տվեց հաղթել աղքատությունն ու գործազրկությունը և միլիարդներ ներդնել հետագա նախագծերում, որոնք ամրապնդեցին Ադրբեջանի մեծությունը։

Բայց այսօր ադրբեջանցիներն ունեն ամենացածր աշխատավարձերը Հարավային Կովկասում, իսկ ցամաքային սահմանները փակ են քաղաքացիների համար. դրանք կարող են հատել միայն Ադրբեջանով անցնող ապրանքները։ Սահմանները փակվել էին 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի պատճառով, և այդ ժամանակից ի վեր կարանտինը պարբերաբար երկարաձգվում է։

Վրաստանի և Հայաստանի համեմատ Ադրբեջանում ամենաբարձր գնաճն է հիմնական մթերքների վրա և Մարդկային զարգացման ինդեքսի ամենացածր ցուցանիշը, որը հաշվի է առնում կենսամակարդակը, գրագիտությունը, կրթվածությունը և երկարակեցությունը։

Ադրբեջանը անհեռատեսորեն է օգտագործում իր դիրքը, կարծում է բարձրաստիճան մի եվրոպացի դիվանագետ, որի հետ զրուցել է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսաստանցիներին պետք են Ադրբեջանը և Կասպից ծովը «Հյուսիս-Հարավ» տարանցման համար, Հարավային Կովկասում ազդեցության համար։ Եվրոպային Ադրբեջանը պետք է էներգետիկ մատակարարումների, ինչպես նաև «Արևելք-Արևմուտք» տարանցման համար», - ասում է դիվանագետը։ «Ադրբեջանի ղեկավարության մոտեցումը տարբերվում է կարճաժամկետ, ակնթարթային մտածողությամբ. նրանք կարծում են, որ կարող են իրենց ագրեսիվ պահել բոլորի նկատմամբ, և անպատիժ մնալ»։

News.am