ՀԱՅ ՆԱՎԱՍՏԻՆԵՐԸ ԿԻԼԻԿԻԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍ, ԿԱՄ ԾՈՎԵՐԸ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՔԱՋԵՐԻՆ

8-րդ դարից սկսած հայերն ակտիվորեն մասնակցել են ռուսական ռազմածովային նավատորմի զարգացմանը։

 «Կիլիկիա» նավըՀայազգի նավաստիների դերը ռազմածովային նավատորմի զարգացման գործում հայոց պատմության քիչ հայտնի, բայց նշանակալի էջերից մեկն է, որն ընդգրկում է ինչպես հին ժամանակները, այնպես էլ մերօրյա ժամանակաշրջանը:

Իսկ երբ խոսում ենք ազգությամբ հայ ծովակալների մասին, Հայաստանի պատմությունից անտեղյակ մարդիկ հաճախ տարակուսում են։

Այսօրվա Հայաստանը դեպի ծով ելք չունի, հետևաբար չունի նաև ռազմածովային նավատորմ, բայց միշտ չէ, որ այդպես է եղել։

Կային ժամանակներ, երբ ծովերում հայկական ռազմանավեր էին լողում։ Հայ վաճառականներն իրենց նրբաճաշակ ապրանքներով ցանկալի հյուր էին բոլոր երկրներում, մասնակցում էին ծովային առևտրին և նավաշինությանը առափնյա քաղաքներում՝ Տրապիզոնում, Զմյուռնիայում (Իզմիր), Կոստանդնուպոլսում (Ստամբուլ), Կիլիկիայում, Ղրիմում, իսկ ավելի ուշ՝ Օդեսայում, Բաթումում և Սևծովյան և Միջերկրածովյան ավազանի այլ նավահանգիստներում։

Առանձնահատուկ դեր է խաղացել Կիլիկիայի հայկական թագավորությունը (12-14-րդ դդ.), որն ունեցել է սեփական ռազմածովային նավատորմը, նավահանգստային քաղաքները (Այաս, Կոռիկոս), զարգացած առևտուրը, երբեմն էլ ծովային մարտերի է մասնակցել։ Կիլիկիայում հայկական նավերը կառուցվում էին արևմտյան նմուշներով և ակտիվորեն օգտագործվում էին դիվանագիտության, առևտրի և պաշտպանության մեջ։ Ըստ որոշ տվյալների՝ կիլիկիացիները ոչ ավել, ոչ պակաս 1700 նավ են ունեցել։

Հարյուրամյակներ են անցել։ Առաջ անցնելով՝ հիշեցնենք, որ 1991 թվականին առագաստանավի կապիտան Կարեն Բալայանը և «Այաս» ծովային հետազոտական ակումբից նրա համախոհները իրենց առջև հավակնոտ խնդիր էին դրել վերականգնել այդ դարաշրջանի նավի ճշգրիտ կրկնօրինակը, ստեղծել ոչ թե թանգարանային մոդել, այլ լիարժեք նավ, որը կարող է բաց ծով դուրս գալ:

11 տարի շարունակ հնագույն գծանկարների, միջնադարյան մանրանկարների, եվրոպական արխիվների և ավանդական գործիքների կիրառմամբ Մասիս քաղաքում ձեռքով ստեղծվում էր փայտե առագաստանավը: Այն կառուցում էին 13-րդ դարի կառուցման տեխնիկայով՝ առանց մեխերի, կաղնու գերաններից, խեժերով ներծծված սոճու տախտակներից։ 2002 թվականին նավը պատրաստ էր։ Այն կոչվեց «Կիլիկիա»՝ ի պատիվ նույն հայկական ծովային թագավորության։

Հաջորդ քայլը գիտարշավն էր։ 2004 թվականին «Կիլիկիան» ճանապարհ ընկավ։ Երեք տարվա ընթացքում առագաստանավը հատեց Սև ծովը, Միջերկրական ծովը, Ատլանտյան օվկիանոսը, Հյուսիսային ծովը, Բալթիկ ծովը, այնուհետև Ռուսաստանի գետերով վերադարձավ Սև ծով: Բազմաթիվ փոթորիկներ հաղթահարելով՝ «Կիլիկիա» առագաստանավն անցավ 28000 կմ՝ կանգ առնելով Եվրոպայի և Ասիայի 25 երկրների 63 նավահանգիստներում, որտեղ նրան դիմավորում էին ոչ միայն տեղացիները, այլև տեղի հայ համայնքի ներկայացուցիչները:

Ճամփորդության ընթացքում 6– հոգանոց անձնակազմը միջնադարյան ապրելակերպ էր պահպանում, սնունդը և հագուստը նույնպես միջնադարյան էին, ինչն է՛լ ավելի մեծացրեց հետաքրքրությունը արշավախմբի նկատմամբ: Ամբողջ աշխարհում մարդիկ առաջին անգամ իմացան, որ հայերը ոչ միայն լեռնագնացներ են, այլև ծովագնացներ, նավաշինարարներ, առևտրականներ, ծովակալներ։

Բայց այս նախագիծն ավելին էր, քան ճամփորդությունը: Յուրաքանչյուր նավահանգստում հայկական առագաստանավը դիմավորում էին որպես եզակի օրինակ, որպես անհետացած քաղաքակրթության խորհրդանիշ, որպես կենդանի ապացույց, որ հայերն ունեն ծովային պատմություն՝ խիզախ, մոռացված և կրկին գտնված:

«Կիլիկիան» հայերի նոր սերնդին ոգեշնչեց ուսումնասիրել պատմությունը, ամրապնդեց մշակութային կապերը Հայաստանի և սփյուռքի միջև։2006 թվականին ավարտելով նավարկությունը` «Կիլիկիան» Բաթումից վերադարձավ հայրենի Սևանա լիճ։

Լեգենդար նավն այժմ կանգնած է Արտանիշի ծոցի ափերից ոչ հեռու՝ Պորտ Այաս առողջարանային կենտրոնի տարածքում, որտեղ մշտական պաշտպանության և խնամքի տակ է մնում՝ սպասելով իր նոր տանը, հնարավոր է՝ ծովային թանգարանին: Բայց նույնիսկ կանգնած՝ այն շարունակում է իր նավարկությունը հայոց հիշողության մեջ՝ ապացուցելով, որ ծովագնացի ոգին քարտեզի վրա սահմանների փոփոխությունից չի անհետանում։

Վերադառնանք իրադարձությունների ժամանակագրական հաջորդականությանը 18-րդ դարից հայերը սկսեցին ակտիվորեն մասնակցել ռուսական ռազմածովային նավատորմի զարգացմանը։ Հատկապես նկատելի էր նրանց դերը Սևծովյան նավատորմում, որտեղ շատ հայեր ծառայում էին որպես սպաներ, ինժեներներ, նավի բժիշկներ։

ԽՍՀՄ տարիներին հայերը շարունակում էին կարևոր դեր խաղալ ծովային ոլորտում։ Հայ նավաստիները կային ԽՍՀՄ բոլոր նավատորմերում, ծառայում էին որպես հեռավոր նավարկությունների նավապետներ, ռազմական նավաստիներ, նավաշինարարներ, ծովային ուսումնարանների ուսուցիչներ։ Հայերը նաև ներդրում են ունեցել նավաշինության մեջ՝ Նիկոլաևի, Լենինգրադի, Տագանրոգի գործարաններում։

Հայերի ծովային տարեգրության մեջ առանձին և յուրահատուկ տեղ է զբաղեցնում Իվան Ստեփանի Իսակովը (Հովհաննես Տեր-Իսահակյան)՝ խորհրդային ականավոր ռազմածովային գործիչ, որի կյանքն ու կարիերան ծովային գործին և ռազմավարությանը նվիրվածության օրինակ են դարձել: Նրա ներդրումը ԽՍՀՄ նավատորմի զարգացման գործում, մասնակցությունը առանցքային ռազմական գործողություններին և գիտական գործունեությունը նրան դարձրին 20-րդ դարի խորհրդանշական դեմքերից մեկը: Հայրենական մեծ պատերազմը սկսվելու պահին Իսակովն արդեն տպավորիչ աշխատանքային ճանապարհ էր անցել։

 Իվան ԻսակովԻսակովը ղեկավարել է Բալթյան նավատորմը, այնուհետև դարձել է ԽՍՀՄ Ռազմածովային նավատորմի ժողովրդական կոմիսարի տեղակալ, իսկ ավելի ուշ՝ առաջին տեղակալ և ԽՍՀՄ Ռազմածովային ուժերի գլխավոր ծովային շտաբի պետ։ Այս պաշտոններում նա ամեն ինչ արել է, որպեսզի խորհրդային նավատորմը պատրաստի Գերմանիայի հետ անխուսափելի պատերազմին։

Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովը, որը1941-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ղեկավարում էր Լենինգրադի ռազմաճակատը, հիշում է «Իսակովը ռազմածովային նավատորմի ամենատաղանդավոր զորավարներից մեկն էր»: Նրա ղեկավարությամբ ստեղծվել են ծովային հետևակի վեց բրիգադներ, որոնք ուժեղացրել են Լենինգրադի ճակատը։

Ինքը՝ ծովակալ Իսակովը, ավելի ուշ պատմում էր այդ ժամանակների մասին «Ինձ ոչ մի րոպե չէր լքում այն միտքը, որ իմ տեղը նավի վրա է, որտեղ ես իմ ընկերների հետ միասին պատասխանատու եմ ժողովրդի առջև, և որ Ֆիննական ցուրտ ծոցում ես պաշտպանում եմ ոչ միայն Ռուսաստանը, այլև Հայաստանը»:

1942 թվականի հոկտեմբերի 4-ին Իսակովը մեկնում է Տուապսեի ուղղությամբ՝ Խադիժենսկայա կայարանի շրջանում ցամաքային գործողություն կազմակերպելու համար։ Ֆաշիստների ռմբակոծությունների արդյունքում ծովակալը ոտքի բեկորային վիրավորում է ստանում: Վնասվածքը շատ ծանր էր, և միայն երկու օր անց է հաջողվում նրան հասցնել հոսպիտալ։ Վիրավորին ուղարկում են Սոչի։ Փտախտի պատճառով ստիպված են լինում ձախ ոտքը անդամահատել։ Բուժումը երկար է տևում, և Հովհաննես Իսակովը նավատորմում ծառայության է վերադառնում միայն 1945 թվականին։

Դժվար է ասել՝ իրողություն է, թե պատմական անեկդոտ, բայց պնդում են, որ երբ Ստալինն Իսակովին Կրեմլ է կանչել և հայտարարել, որ մտադիր է նրան նորից Գլխավոր ծովային շտաբի պետ նշանակել, այսպիսի երկխոսություն է տեղի ունեցել

-Ընկեր Ստալին, պետք է զեկուցեմ, որ լուրջ թերություն ունեմ մի ոտքս անդամահատված է։

-Դա միա՞կ թերությունն է, որի մասին անհրաժեշտ եք համարում զեկուցել,-հարցնում է Ստալինը։

-Այո։

-Մենք ժամանակին մի շտաբի պետ ունեինք, որը գլուխ չուներ։ Ոչինչ, աշխատում էր։ Դուք ընդամենը ոտք չունեք, բան չկա,-եզրափակում է Ստալինը։

Վստահաբար կարելի է ասել, որ ծովակալ Իսակովից օրինակ վերցնելով աճեց ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի արժանի կադրերի մի ամբողջ դպրոց, որի շարքերում ծառայում էին նաև երկու տասնյակից ավելի հայազգի ծովակալներ, փոխծովակալներ և ենթածովակալներ: Նրանցից հատուկ հիշատակման են արժանի փոխծովակալներ Ալեքսանդր Գևորգովը, Վալերի Սուրաբեկովը, Վլադիմիր Սահակյանն ու Աշոտ Սարկիսովը, ծովակալներ Վլադիմիր Փիրումովը, Արտավազդ Սաղոյանը, Միհրան Պետրոսյանը, Զարմայր Արվանովը և այլք:

 Սերգեյ Իոսիֆի Ավագյանց21-րդ դարի սկզբին նոր հայկական ծովային աստղ վառվեց՝ ծովակալ Սերգեյ Իոսիֆի Ավագյանցը։ Ծնվել է 1957թ.-ին Երևանում, ռազմածովային նավատորմի սպա Իոսիֆ Ավագյանցի ընտանիքում: Ծովակալ ՊՍ Նախիմովի անվան Սևծովյան բարձրագույն ռազմածովային ուսումնարանը (1975-1980), Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Ն. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիան (1989-1991) և Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան (2005-2007) ավարտելուց հետո Ավագյանցը սրընթաց և փայլուն կարիերա ունեցավ։

2012թ.-ի մայիսի 3-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանագրով Սերգեյ Ավագյանցը նշանակվեց Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար: Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի2014 թվականի դեկտեմբերի 13-ի հրամանագրով Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար, փոխծովակալ Սերգեյ Ավագյանցին շնորհվեց ծովակալի զինվորական կոչում: Բացի այդ, նա պարգևատրվել է ԽՍՀՄ և ՌԴ բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով։ Ներկայում Խաղաղօվկիանոսյան նավատորմը՝ ծովակալ Ավագյանցի գլխավորությամբ, Ռուսաստանի առավել մարտունակներից մեկն է։

 Հայրենական մեծ պատերազմի և նավատորմի Ի.Ս. Իսակովի անվան վետերան նավաստիների ասոցիացիայի անդամները նշում են նավատորմի օրը Սուրբ Անդրեասի և ռազմածովային դրոշներով (2019). ՍևանՀայ նավաստիները հաջողությամբ պաշտոններ են զբաղեցնում նաև այլ երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի նավատորմերում, նավահանգստային քաղաքներում՝ Մարսելում, Լիվորնոյում, Բեյրութում, Ալեքսանդրիայում հաստատված հայկական սփյուռքում։

2000-ականների սկզբին Հայաստանում ստեղծվեց Ի.Ս. Իսակովի անվան Նավաստիների (Հայրենական մեծ պատերազմի և Ռազմածովային նավատորմի վետերանների) ասոցիացիան։ Դրա ջանքերով ստեղծվեց ծովակալի պատվավոր անունը կրող թիվ 132 դպրոցին կից Իսակովի թանգարանը, որտեղ հավաքված են նավատորմի և անձամբ Իսակովի հետ կապված մի շարք ցուցանմուշներ։

Հայաստանում գործում է նաև Ի.Ս. Իսակովի անվան նավաստիների ասոցիացիան սա նավատորմի վետերանների հայրենասիրական կազմակերպություն է, որի ամենանշանակալի անդամներն էին ղեկավար Մարտին Սահակյանը, որը ժամանակին ծառայել է հերոս-քաղաք Սևաստոպոլում, 1-ին աստիճանի նավապետներ Գեորգի Մարկարովը, Էդուարդ Կիրիշչյանը, Վրեժ Հովհաննիսյանը:

 Հայրենական մեծ պատերազմի և նավատորմի նավաստի-վետերանների ասոցիացիայի նավակներ, որոնք անվանակոչվել են Ի.Ս. Իսակովի անունովՀուլիսի վերջին կիրակի օրը Հայրենական մեծ պատերազմի և Ի.Ս. Իսակովի անվան ռազմածովային նավատորմի վետերան-նավաստիների ասոցիացիան, ձևավորված ավանդույթի համաձայն, Ռազմածովային ուժերի օրը նշում էր Սևանա լճում:

«Ծովային գայլերը» համընթաց քամու տակ անցնում էին «հայկական մարգարիտի» լայնություններով, ծաղկեպսակ էին խոնարհում ի հիշատակ հեռացած նավաստիների, հավաքական լուսանկար էին անում Ռազմածովային ուժերի դրոշներով և, իհարկե, բաժակ էին բարձրացնում՝ խմելով «ծովում գտնվողների կենացը»։

Վերջին տարիներին, ցավոք, վետերանների շարքերը խիստ նոսրացել են։ Բայց չնայած փաստի անխուսափելիությանը և աշխարհագրական սահմանափակումներին՝ հայ նավաստիները շարունակում են ծանրակշիռ ներդրում ունենալ տարբեր ծովային տերությունների զարգացման գործում՝ որպես մշակութային հարմարվողականության, հմտության և ազգային ոգու օրինակ։

 Հայրենական մեծ պատերազմի և նավատորմի Ի.Ս. Իսակովի անվան վետերան նավաստիների ասոցիացիայի անդամները նշում են նավատորմի օրը Սուրբ Անդրեասի և ռազմածովային դրոշներով (2019). ՍևանՌուսաստանի Ռազմածովային ուժերի օրը նշվում է հուլիսի վերջին կիրակի օրը: 2025 թվականին այն նշվում է հուլիսի 27-ին։ Տոնը հիմնվել է ԽՍՀՄ-ում 1939 թվականի հունիսի 22-ին՝ ծովակալ Նիկոլայ Կուզնեցովի նախաձեռնությամբ, իսկ 1980 թվականից տոնակատարության հարմարության համար տեղափոխվել է հուլիսի վերջին կիրակի։

Ռուսաստանի Ռազմածովային ուժերի տոնը ծագում է դեռ Պետրոս Առաջինի ժամանակներից, որը 1714 թվականին Գանգուտի հաղթանակից հետո հրամայել էր ամեն տարի այդ օրը նշել շքերթներով և հրավառություններով: 1939 թվականին տոնը դարձավ պաշտոնական, իսկ 2006 թվականին դրա կարգավիճակը հաստատվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով։

Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Sputnik Արմենիա