Իրանի ԱԳՆ․ Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչը Թեհրան կայցելի
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ներկայացուցիչն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Իրան կայցելի։ Նրա այցի ընթացքում կքննարկվեն գործակալության և Թեհրանի համագործակցության տեխնիկական կողմերը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտնել էր, որ Թեհրանը հասկացրել է գործակալության ղեկավարությանը, որ պատրաստ է վերսկսել տեխնիկական խորհրդակցությունները գործակալության հետ։ Նա նաև նշել էր, որ ՄԱԳԱՏԷ-ն պնդում է, որ իր տեսուչները վերադառնան Իրան։
«Մենք պատրաստվում ենք ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցության նոր եղանակ մշակել՝ հաշվի առնելով Իրանի խորհրդարանի օրինագիծը, որն արդեն իսկ իրավական ուժ ունի մեզ համար։ Սա անհրաժեշտ է, որպեսզի տեսնենք, թե ինչպես կարող ենք շարունակել համագործակցությունը գործակալության հետ։ Այդ առիթով ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Իրան կայցելի, և նրա այցի ընթացքում կքննարկվեն այս հարցի տեխնիկական կողմերը», – ասել է Բաղային։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրաման է ստորագրել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնելու օրենքը կիրառելու վերաբերյալ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է, որ չնայած երկրի` ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնելու որոշմանը, համագործակցության ուղիները փակ չեն։
Իրանը որպես համագործակցությունը վերականգնելու պայման է նշել Իրանի միջուկային օբյեկտների և միջուկային գիտնականների անվտանգության ապահովումը։ Համագործակցության դադարեցումը կապված էր Ֆորդոյի, Սպահանի և Նաթանզի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ֆոնին ՄԱԳԱՏԷ–ի ցուցաբերած անգործությամբ։
Sputnik Արմենիա