Քաղաքական պատվեր է. Վարդան Ղուկասյանը՝ սրբազանների դեմ հարուցված քրեական գործի մասին
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ հարուցված քրեական գործին ծանոթ չէ։ Որպես քաղաքապետ 100 օրն ամփոփող ասուլիսում ասաց Ղուկասյանը, բայց ընդգծեց` բացասական է վերաբերում նրա կալանավորմանը։ Ղուկասյանը նշեց, թե առաջին անգամ է տեսնում, որ սրբազաններ կալանավորվեն։
«65 տարեկան մարդ եմ, առաջին անգամ տեսա, որ եպիսկոպոս կալանավորեն, մեկ էլ եղել է 37 թվականին, որ մենք լսել ենք։ Չնայած էստեղի եպիսկոպոսին 37 թվականին, որ ասել են՝ մորուքդ թրաշի ու դուրս արի «հոգևորականությունից», ինքն ասել է՝ մորուքիս ամեն մի մազ ձեզ պես 10 հատ աշխատող արժե, և իրեն աքսորել են»,– ասաց Ղուկասյանը։
Վարդան Ղուկասյանի խոսքով՝ Գյումրու փողոցներից մեկն ինքն է անվանակոչել 1937 թվականին աքսորված Արտակ եպիսկոպոս Սմբատյանի անունով։ Վերադառնալով Միքայել Սրբազանի թեմային՝ հայտարարեց, թե քաղաքական հետապնդում է սրբազանի նկատմամբ։
«Միանշանակ դատապարտում եմ Բագրատ սրբազանի և մեր սրբազանի... չնայած սրբազանի հետ մեր ջրերը նույն առվով չեն գնացել, բայց ես իրեն հարգում եմ ու գտնում եմ, որ քաղաքական պատվեր են արել»,– եզրափակեց Վարդան Ղուկասյանը։
Sputnik Արմենիա