Ոչ միայն ստահակություն, այլև արդեն դավաճանության սահմանագծին. Սոլովյովը՝ Գուսմանի մասին

«Երկու մարդ իրենց թույլ տվեցին մարդկային ստահակություն գործել»,- «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ուղիղ եթերում ասել է ռուս լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը ՝ մեկնաբանելով ՏԱՍՍ-ի նախկին գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Գուսմանի և քաղաքագետ Սերգեյ Մարկովի այցը Բաքվի կողմից օկուպացված Արցախ՝ Շուշի։

«Երկու մարդ թույլ տվեցին իրենց մարդկային ստահակություն կատարել այն պահին, երբ մեր լրագրող գործընկերները խոշտանգվում են ադրբեջանական զնդաններում։ Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիներ (նրանցից մեկը վերջերս էր բարձր պաշտոն զբաղեցրել) հայտնվում են Շուշիում՝ ադրբեջանական կողմի անհատական հրավերով։

Եվ նրանք իրենց նեղություն չտվեցին հարցնել մեր գործընկերների ճակատագրի մասին։ Նրանք իրենց թույլ տվեցին գովեստի խոսքեր ասել։ Սա ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային ստահակության դրսևորում է։ Նրանցից մեկը, բարեբախտաբար, թոշակի անցավ։ Ես դա կվերագրեմ տարիքին։ Իսկ երկրորդը՝ ոմն Մարկովը, հուսով եմ այլևս երբեք չի հրավիրվի որևէ ռուսական լրատվամիջոց։ Կամ թող նրան հայտարարեն օտարերկրյա պետության գործակալ, որը մեր երկրի տարածքում իր շահերն է առաջ տանում։ Այս պահին այնտեղ լինելը և մեր գործընկերների և հայրենակիցների ճակատագրի մասին չհարցնելը ոչ միայն ստահակություն է, այլև դավաճանության սահմանագիծ», -ընդգծել է նա։

Միխայիլ Գուսմանի պաշտոնանկության պատճառները չեն նշվում։ Սակայն, վերջին հանրային միջոցառումներից մեկը, որտեղ նա ներկա է եղել որպես ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Շուշիի գլոբալ մեդիա ֆորումին մասնակցելու համար Ադրբեջան կատարած այցն էր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ: Միջոցառումը, ի թիվս այլ բաների, նշանավորվեց Ալիևի հակառուսական հայտարարություններով։

Մասնավորապես, ֆորումի շրջանակներում ուկրաինացի լրագրող Ելենա Կուրբանովան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նվիրեց Ուկրաինայի զինված ուժերի թևքավոր շևրոններ: Նա դրանք ընդունեց հետևյալ խոսքերով. «Շնորհակալություն ձեր արածի համար: Շարունակեք լավ աշխատանքը»:

Միևնույն ժամանակ, պատասխանելով ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի (ճանաչված որպես Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա գործակալ և ընդգրկված ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում) հարցին, Ադրբեջանի նախագահը խորհուրդ տվեց ուկրաինացիներին «երբեք չհաշտվել օկուպացիայի հետ»:

Բացի այդ, Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը պլանավորում է դիմել միջազգային արդարադատության համակարգին AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման հանգամանքները հետաքննելու համար, որը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 25-ին: Ինքնաթիռը թռչում էր Բաքվից դեպի Գրոզնի և վթարից կարճ ժամանակ առաջ արտակարգ վայրէջք է կատարել Ակտաուում: Ալիևը ուղղակիորեն մեղադրեց Ռուսաստանի Դաշնությանն ինքնաթիռը ռուսական ՀՕՊ-ի կողմից խոցելու մեջ: «Մոսկվան չի հաստատել այս տեղեկատվությունը, հետաքննությունը դեռ ամբողջական չէ»,-գրում է Gazeta.Ru-ն:

Այս ֆոնին Միխայիլ Գուսմանը Իլհամ Ալիևին հարց տվեց, որը հնչում էր այսպես.

«Այսօր, իմ կարծիքով, Ադրբեջանը վարում է բոլորովին յուրահատուկ արտաքին քաղաքականություն: Եվ ես նույնիսկ չգիտեմ, թե ուրիշ էլ որ պետության հետ կարող է այն համեմատվել: (…) Այս հարցում կա որոշակի ֆենոմեն, որը աշխարհում բոլորը չէ, որ հասկանում են, և ինձ թվում է, որ աշխարհում բոլորը չեն գնահատում դա: Այս առումով ես ունեմ մի պարզ հարց: Ես հասկանում եմ, որ ձեզ հարցնելը, թե ինչպես եք դա անում, նման է վիրտուոզ ջութակահարից հարցնելուն, թե ինչպես է նա ջութակ նվագում: Նա կասի. «Ես վերցնում եմ ջութակը, աղեղը և նվագում»: Բայց ձեր քաղաքականությունը հիմնված է որոշակի, ինձ թվում է, շատ հստակ, շատ ստուգված քաղաքական սկզբունքների վրա, որոնք թույլ են տալիս ձեզ վարել այս բազմավեկտոր քաղաքականությունը: Կարո՞ղ եք թվարկել նախագահ Ալիևի 5-7 հիմնական քաղաքական սկզբունքներ, ոորոնցեվ հնարավոր է վարել, ըստ իս, այդքան հաջող արտաքին քաղաքականություն: Շնորհակալություն»:

Panorama.am