Հայ դպրոցականները ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել կենսաբանության միջազգային օլիմպիադայում

Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ են նվաճել Ֆիլիպինների Կեսոն-Սիթի քաղաքում հուլիսի 20-27-ն անցկացված «Կենսաբանության» առարկայի 36-րդ միջազգային օլիմպիադայում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Հայաստանի թիմը ներկայացրել են «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Տաթև Սիմոնյանն ու Արա Մելքոնյանը, ԱՇահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արեգ Գալստյանը և «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Եվա Միրզոյանը։ Օլիմպիադայի ժամանակ մասնակիցները կատարել են 2 տեսական առաջադրանքներ և 4 փորձարարական (կենսաբժշկական գիտություններ, բջջային և մոլեկուլային կենսաբանություն, էկոլոգիա և դասակարգում, մանրէաբանություն) աշխատանքներ։

«Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալի է արժանացել Տաթև Սիմոնյանը, իսկ բրոնզե մեդալների՝ Արա Մելքոնյանը ու Արեգ Գալստյանը»,– ասված է հաղորդագրությունում։

Օլիմպիադային մասնակցել է 77 երկրի ավելի քան 300 մասնակից. յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել առավելագույնը 4 աշակերտ:

«Կենսաբանության» առարկայի 35-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, ՀՀ թիմն արժանացել էր 2 բրոնզե մեդալի։

Sputnik Արմենիա