Սամվել Կարապետյանի կալանքը ենթակա է վերացման. փաստաբանը` «ձև չունեք» արտահայտության մասին
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի հարցով գրություններ են հասցեագրվել ՀՀ գլխավոր դատախազին և դատախազությանը։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Արամ վարդևանյանը։
«Ակնհայտ է, որ նման տևական, անհիմն և ապօրինի կալանքը Սամվել Կարապետյանի նկատմամբ ենթակա է վերացման դատախազի կողմից: Անհրաժեշտ է նշել, որ նախորդող շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել կոնկրետ վարույթային գործողություններ` հենց պաշտպանական խմբի կողմից նախաձեռնված, որոնց արդյունքներն առավել քան հստակ են: Դրանց արդյունքում նույնիսկ ամենամեծ «ցանկության» դեպքում հնարավոր չէ շարունակել այս աբսուրդային քրեական գործը»,– գրել է փաստաբանը ֆեյսբուքյան էջում:
Վարդևանյանն անդրադարձել է նաև վերջին օրերին որոշ անձանց կողմից հնչեցված «ձև չունեք» արտահայտության օգտագործմանը:
«Պարզ վարժությամբ կարելի է արձանագրել` կա՛մ նշվածը ևս հանդիսանում է քրեական օրենսգրքի տիրույթում արարք–կոչ, ի թիվս այլնի «իշխանությունը պահելը, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելը», կա՛մ երկու դեպքում էլ գործում է խոսքի ազատության ընդհանուր կանոնները»,– ընդգծել է փաստաբանը:
Ըստ նրա` ուշագրավն այն է, որ մի դեպքում խոսքն ուղղված էր Մայր աթոռը պաշտպանելուն, մասնակցելուն, իսկ մյուս դեպքում` արբիտրաժային դատարանի որոշման կատարումից խուսափելուն:
Sputnik Արմենիա