Ավստրիական OMV ընկերությունը ևս ադրբեջանական նավթում քլորիդներով աղտոտում է հայտնաբերել
Ավստրիական OMV էներգետիկ խումբը հայտարարել է, որ օրգանական քլորիդով աղտոտում է հայտնաբերել իր վերամշակման գործարաններ մատակարարվող ադրբեջանական հում նավթի բեռնափոխադրումներում՝ հավելելով, որ իրեն հաջողվել է կանխել մատակարարման խափանումներ։ Դրա մասին հաղորդում է Reuters-ը։
Անցյալ շաբաթ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով տեղափոխվող ադրբեջանական հում նավթում հայտնաբերվել է օրգանական քլորիդային աղտոտում, ինչը գների տարբերությունը հասցրել է չորս տարվա ամենացածր մակարդակի և մի քանի օրով հետաձգել նավթի առաքումները Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի թուրքական Ջեյհան տերմինալից։
OMV-ն հայտարարել է, որ աղտոտված նավթը հայտնաբերվել է որակի վերահսկողության ընթացակարգերի ժամանակ։
Ընկերությունը հայտարարել է, որ աշխատում է այլ աղբյուրներից այլընտրանքային հում նավթ գտնելու ուղղությամբ՝ «վառելիքի մատակարարման շարունակականությունն ու անվտանգությունն ապահովելու» համար, սակայն չի մանրամասնել, թե ինչ է մտադիր անել աղտոտված ադրբեջանական նավթի հետ։
Օրգանական քլորիդները օգտագործվում են արդյունաբերության մեջ՝ նավթի արդյունահանումը բարելավելու համար՝ նավթահորերը մաքրելու և հում նավթի հոսքը արագացնելու միջոցով, սակայն այդ միացությունները պետք է հեռացվեն նախքան նավթը խողովակաշարեր մտնելը։
OMV-ի տվյալներով՝ բարձր կոնցենտրացիաների դեպքում դրանք կարող են վտանգ ներկայացնել նավթավերամշակման գործարանների սարքավորումների համար։
Իտալական Eni-ն անցյալ շաբաթ ևս հայտարարեց, որ Ադրբեջանից ներմուծվող նավթում օրգանական քլորիդային աղտոտվածություն է հայտնաբերել։
News.am