Հաջիևի հայտարարությունն իրականությունը խեղաթյուրելու ցինիկ փորձ է․ Արցախի ԱԺ նախագահ

Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունն իրականությունը խեղաթյուրելու ցինիկ փորձ է, հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը։

Նա արձագանքել է Berliner Zeitung գերմանական պարբերականին Հաջիևի տված հարցազրույցին, որտեղ վերջին խեղաթյուրել է իրականությունը՝ հայտարարելով, թե իբր «Ղարաբաղի հայերն իրենց կամքով են հեռացել» և «Ադրբեջանը պատրաստ էր նրանց վերաինտեգրել»։

«Այս հայտարարությունը ոչ միայն իրականության կոպիտ աղավաղում է, այլև ցինիկ փորձ՝ արդարացնելու պետական մակարդակով իրականացված հանցագործությունը և համոզելու միջազգային հանրությանը դրա օրինականությունը»,- շեշտել է Դանիելյանը։

Նա ընդգծել է, որ Արցախի ժողովուրդը երբեք ինքնակամ չէր լքի իր հազարամյակների հայրենիքը։

«Տասն ամիս տևած դաժան շրջափակումն ու դրա աղետալի հետևանքները, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումը մարդկանց կանգնեցրել են հստակ ընտրության առջև՝ հարկադրաբար լքել սեփական բնօրրանը կամ ենթարկվել ֆիզիկական ոչնչացման։ Եվ սա էր Արդբեջանի առաջարկած «վերաինտեգրումը»՝ հպատակվել առանց իրավունքների, առանց անվտանգության, առանց գոյատևման երաշխիքի»,- նշել է նա։

Արցախի ԱԺ նախագահը հիշեցրել է, որ Ադրբեջանի այս հանցավոր վարքագիծը շարունակվում է նաև այսօր 23 հայ՝ ներառյալ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որպես պատանդ է պահվում ադրբեջանական բանտերում՝ ենթարկվելով կեղծ և շինծու դատավարությունների։ «Սա վրեժխնդրության քաղաքականությամբ առաջնորդվող բռնապետության դրսևորում է, որի նկատմամբ միջազգային հանրությունը դրսևորում է լռություն ու անգործություն։

Սա հանցավոր լռություն է, որը միայն նպաստում է ապօրինությունների շարունակությանը։ Երբ պատերազմական հանցագործությունները մնում են անպատիժ, դրանք վերածվում են քաղաքական գործիքի»,- շեշտել է նա։

Դանիելյանը նաև հավելել է, որ այսօր հազարավոր արցախցիներ ապրում են փախստականի կարգավիճակում՝ զրկված ամեն ինչից, բայց ոչ հիշողությունից և արժանապատվությունից։ Ըստ նրա՝ պատմությունը մաքրվում է ճշմարտությամբ, ոչ թե քարոզչությամբ։

«Արցախահայության ձայնը չի լռելու՝ ո՛չ Հաջիևի և ո՛չ էլ նրա նման պաշտոնյաների մանիպուլյացիաներով ու կեղծիքներով»,- եզրափակել է Դանիելյանը։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ողջ բնակչությունը բռնատեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։

Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ-ի տվյալներով, զոհվել էր ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել՝ 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտ գտնվող բենզինի պահեստի պայթյունի հետևանքով կա 218 զոհ, 21 անհետ կորած, 3 չնույնականացված դի և 120 վիրավոր։ Արցախի տեղեկատվական շտաբի տվյալներով՝ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 265 զինծառայող։

Armenia Today