Հայաքվե շարժման խորհրդի անդամ․ Թուրքիան չի ուզում, որ հայերը ապրեն Հայաստանում

Թուրքիան Հայաստանը դիտարկում է որպես սպառնալիք և խոչընդոտ իր պանթյուրքիստական նպատակների իրականացման համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր «Հայաքվե» շարժման խորհրդի անդամ, Հայաստանի Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը՝ հավելելով, որ թուրքերը բացահայտորեն հայտարարում են այդ «խոչընդոտը» վերացնելու անհրաժեշտության մասին։

«Նրանք պատրաստ են ցանկացած գնով վերացնել այդ խոչընդոտը՝ լինի դա պատերազմի սպառնալիք, պատերազմ, թե ինչ-որ վերացական գայթակղություն կապված տնտեսական օգուտների, կամ իբր տարածաշրջանում ինտեգրացիոն նախագծերի և այլնի հետ։ Բայց այս ամենը ձևական է։ Թուրքիան չի ուզում, որ հայերը լավ ապրեն Հայաստանում։ Ավելին, նա չի ուզում, որ հայերն ընդհանրապանես ապրեն Հայաստանում։ Թուրքիան չի ուզում, որ Հայաստանը՝ որպես պետություն, ընդհանրապես գոյություն ունենա։ Իսկ այսօրվա իշխանությունը, որը պաշտոնապես Թուրքիային անվանում է իր գործընկեր, անում է ամեն ինչ, որպեսզի մենք՝ հայերս, թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, հաշտվենք այն մտքի հետ, որ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում 2023 թվականին, ցանկացած պահի կարող է կրկնվել նաև մեր հետ», - ասել է Քերոբյանը՝ հավելելով, որ իշխանությունն անում է ամեն ինչ, որպեսզի կյանքն ավելի ու ավելի դժվար դառնա։

Ընդդիմադիր գործչի համոզմամբ՝ սա հետապնդում է այն նպատակը, որ հայերի մոտ մարի իրենց երկրում ապրելու ցանկությունը։ «Որպեսզի մենք առանց առանձնահատուկ դիմադրության ընդունենք այն միտքը, որ մեր ապագան Հայաստանում չէ, այլ որևէ փախստականների ճամբարում Վրաստանում կամ Ուրուգվայում, Արգենտինայում կամ որևէ այլ վայրում, բայց ոչ Հայաստանում։ Որովհետև, Թուրքիայի պլանով, հայը չպետք է ապրի Հայաստանում։ Եվ այսօրվա իշխանությունները, ցավոք սրտի, այս հարցում նրա գործընկերներն են»։