Աշոտյան․ Փաշինյանի վարկանիշն ընկնում է, բայց կարևոր է՝ ընդդիմության վարկանիշը բարձրանա
Կարևոր է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկնում է, բայց ավելի կարևոր է, որ ընդդիմադիր քաղաքական առաջարկի վարկանիշը բարձրանա։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանում հերթական դատական նիստից հետո 168.am-ի հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Ընդդիմության մի մասն իրեն պահում է Լոպե դե Վեգայի «Շունը դեզի վրա» կոմեդիայի հերոսների նման։ Երբեմն Հայաստանում քաղաքական օրակարգը դիագնոզների կարիք ունի»,- ասաց Աշոտյանը։
Հիշեցնենք` Լոպե դե Վեգայի «Շունը դեզի վրա» կոմեդիայի ուղերձն այն է, որ պետք չէ ուրիշներին նախանձել մի բանի համար, ինչն ինքդ չես կարող վայելել։ Այս կոմեդիայում շունը թույլ չի տալիս, որ անասունները նույնիսկ մոտենան ծղոտին` չնայած ինքը չի կարող այն ուտել։
Նշենք, որ հուլիսի 1-ին «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ–ն վերլուծական զեկույց էր հրապարակել ՀՀ Նիկոլ Փաշինյանի վարչապետության և նրա հանրային դիրքի վերաբերյալ: Զեկույցում վերլուծություն էր ներկայացված, որը ներառում էր Փաշինյանի վարկանիշը 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» մինչև 2025 թվականի կեսերը։ Ըստ դրա՝ եթե 2018 թվականի մայիսին Փաշինյանը վարկանիշը գերազանցում էր 80%-ը, ապա հետհեղափոխական «մեղրամիսը» աստիճանաբար իր տեղը զիջեց կառավարման բարդ իրողություններին՝ հանգեցնելով աջակցության բնական, թեև դանդաղ անկման 2019 թվականի ընթացքում։ Վճռորոշ եղավ 2020 թվականի պատերազմը, երբ Փաշինյանի բարձր վարկանիշը սկսեց կտրուկ անկում ապրել։ Ըստ հետազոտության՝ վերջին տարիներին Փաշինյանի վարկանիշը տատանվում է 11-17 տոկոսի սահմաններում։
Sputnik Արմենիա