Երևան-Մոսկվա չվերթի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում

Հուլիսի 26–ին FlyOne Armenia ավիաընկերության Երևան–Դոմոդեդովո 3F315 չվերթն իրականացրել է հարկադիր վայրէջք ՌԴ Մախաչկալայի օդանավակայանում՝ ուղևորի առողջական սուր վատթարացման պատճառով։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ավիաընկերությունից։

«Թռիչքի անձնակազմը արագ արձագանքել է իրավիճակին՝ ընդունելով վճռական որոշում Մախաչկալայում վայրէջք կատարելու մասին՝ ուղևորին շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Օդանավի վայրէջքից անմիջապես հետո շտապ օգնության խումբը տեղում ապահովել է ուղևորի տեղափոխումը հիվանդանոց՝ հրատապ վիրահատության։

FlyOne Armenia-ն մաղթում է առողջություն և լիարժեք ապաքինում ուղևորին՝ խորապես շնորհակալ լինելով թռիչքային անձնակազմին` պրոֆեսիոնալիզմի, ցուցաբերած բարձր պատասխանատվության և մարդասիրական մոտեցման համար»,– ասված է հաղորդագրության մեջ։