Իմ ձեռքերով եմ ընտրել Փաշինյանին, բայց ափսոսում եմ. Վեդիում ծառերը չորանում են

Վեդի խոշորացված համայնքի Դաշտաքար գյուղի հողերը մնացել են առանց ջրի։ Գյուղացիներից մեկը NEWS.am–ի հետ զրույցում ցույց է տալիս դաշտերն ու ասում. «Այս պահի դրությամբ, ջուրն անջատել են, այս 42 աստիճանի պայմաններում բոլոր ծառերը վառվում են, մարդիկ եկել են, որ ջուր ուզեն, ջուր չկա։ Ջուրը գալիս է, բայց մեզ չի հասնում։ Տեսեք, հասարակ խոտը չի դիմանում, վառվել է։ Մարդիկ 11 տարի է մշակում են, բայց հիմա դաշտերը վառվելով գնում են։

Անցած տարի այս ծառերը սաղ ցոգոլ էին տվել, ծաղկել էին, բայց հիմա օգուտ չկա, խեժակալել չորանում են, տերևները փշրվում են։ Սա երրորդ ջուրն է։ Այս հողերը համարվում են որպես գերնորմատիվային հողեր, կոպիճային, ավազային հողեր, հետևաբար առնվազն հինգ ջուր պիտի ջրվեր։ Ջրի վարձն էլ ժամը 2750 դրամ է, էս երկու շարքը 3-4 ժամում չես կարողանում ջրես։ Քո արած ծախսը չի բռնում քո ստանալիք եկամուտի հետ։

Ես հիմա էլ ոչ մի հնարավորություն չունեմ, վարկերը մնացել են վզիս, ընկել եմ սրա, նրա հողն եմ ճանկռում, որ գոնե կարողանամ վարկ փակեմ։ Արդյունքում ավելի լավ է՝ գնամ բանվորություն անեմ, քան գամ հող մշակեմ։

Ոլորտը անկազմակերպ է, չեն աշխատում։ Այսօր պետբյուջեի 35-ից 45%-ը գյուղացին է լցնում, բայց գյուղացիներին էն ձևի են կոտրում, ոչ մի հարցով «պադերժկա» չկա, ջուր են ուզում, ասում է՝ կլինի, կտանք։

Էս ապրանքը գյուղացին տանում է շուկա, ասում են՝ էս ժեխը բերել ես՝ ի՞նչ անես։ Երկու օր էլ ծախսում է շուկայում, որ մի բան ծախի, բայց չի կարողանում։ Եթե շանս լինի, հողերս կծախեմ այս երկրից կգնամ։

Ներկա պահին ինձ 807 հազար ջրի պարտք են գրել։ Ես մշակել եմ մեկ հեկտար հող, որի համար տարեկան 150 հազար ջրի փող եմ տվել, ուրիշ տեղեր, օրինակ, Արտաշատի գյուղերում մարդիկ ամբողջ տարվա համար 30 հազար են տալիս ու երբ ուզում՝ ջրում են։

Իսկ ես 150 հազար մուծում եմ, ասում են՝ պարտք ես, հնից եկած պարտք է, տոկոս է եկել, տոկոսի վրա տոկոս է եկել։

Կարո՞ղ է գիտեք ոսկի եմ դրել, չենջ ա, ինչ տոկոս եք ֆռցնում գյուղացու վրա։ Ուզում են այնպես անեն, որ գյուղացին հողից թողի դուրս գա։ Եթե գյուղացի չկա, ուրեմն չկա պետություն։

Ես այս ձեռքով եմ ընտրել Փաշինյանին, բայց ափսոսում եմ, որովհետև չկա այդ համակարգը։ Այն խոսքերը, որ ասել էր՝ դուխով, ոչ մի բան էլ չկա։ Բոլորն էլ ափսոսում են, որ ընտրել են»։