Արոնյանը շարունակում է հաղթարշավը. Նա հաղթել է Էր Ռիադի շախմատի մրցաշարում
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակով է սկսել Էր Ռիադում ընթացող Esports World Cup 2025 շախմատային մրցաշարը:
Լևոն Արոնյանը հաղթել է ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևին: Երկու արագ պարտիաներում հաղթող չի եղել, արմագեդոնում («մահվան պարտիա») սևերով հանդես եկող Արոնյանը ոչ-ոքի է խաղացել, որն էլ հաղթանակ է բերել նրան։
Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը կլինի մեկ այլ ռուսաստանցի գրոսմայստեր՝ Անդրեյ Եսիպենկոն: Հաջողության դեպքում հայ շախմատիստը դուրս կգա մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Ինքը՝ Արոնյանը, հումորով է մեկնաբանել իր հերթական հաղթանակը։
«Ես պարզապես վերհիշել եմ, թե ինչպես են շախմատ խաղում»,-ասել է գրոսմայստերը:
Նշենք, որ 1,5 մլն դոլար մրցանակային ֆոնդով մրցաշարն անցկացվում է Էր Ռիադում հուլիսի 29-ից օգոստոսի 1-ը: Մասնակիցները խաղում են նույն դահլիճում, բայց ոչ թե խաղատախտակի, այլ համակարգիչների դիմաց: Մրցույթն անցկացվում է կիբեռսպորտի աշխարհի գավաթի շրջանակներում։
Sputnik Արմենիա