Թրամփ․ Ուկրաինայում հրադադարի հաստատման 10-օրյա հետհաշվարկը սկսվում է այսօր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 10 օր ժամանակ է տալիս Ուկրաինայում հրադադարի շուրջ համաձայնության հասնելու համար, և հետհաշվարկը «սկսվում է այսօրվանից»:
«Այսօրվանից սկսած` տասը օր»,-ասել է նա լրագրողներին նախագահական օդանավում` պատասխանելով Ուկրաինայում հրադադարի հասնելու վերջնաժամկետի հաշվարկի մեկնարկի ճշգրիտ ամսաթվի մասին լրագրողի հարցին։
Թրամփը հավելել է, որ բանակցությունների ձախողման դեպքում մտադիր է ներմուծման մաքսատուրքեր սահմանել, սակայն վստահ չէ, որ դա կազդի Ռուսաստանի վրա:
«Մենք մաքսատուրքեր կսահմանենք։ Տարբեր միջոցառումներ, որոնք կարող են ներդրվել: Հնարավոր է` դա ազդի, բայց գուցե և ոչ»,-ասել է Թրամփը։
Միևնույն ժամանակ ամերիկացի առաջնորդը նշել է, որ իրեն չի անհանգստացնում նավթի շուկայի հնարավոր արձագանքը Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումների հավանական ներդրմանը:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու համար իր կողմից ավելի վաղ սահմանված 50-օրյա ժամկետը կրճատում է մինչև 10-12 օր` վկայակոչելով հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի բացակայությունը: Դրա հետ մեկտեղ Թրամփը սպառնացել էր երկրորդական պատժամիջոցներ և մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի հետ համագործակցող երկրների դեմ, եթե Ուկրաինայի հարցով համաձայնություն ձեռք չբերվի: Նրա խոսքով` նման միջոցառումները կարող են ներառել «100 տոկոսանոց սակագներ», այդ սցենարը դեռ քննարկվում է։
Sputnik Արմենիա