Տիգրան Աբրահամյան․ Գործող իշխանություններն «ամրոցի դարպասները» բացելուց են խոսում

Իշխանությունն իր ողջ ռեսուրսն ուղղում է հասարակությանը համոզելու` չկենտրոնանալ «միջանցք» եզրույթի, գործընթացի քաղաքական հետևանքների կամ գեոպոլիտիկ ցունամիների վրա, միայն մտածել փողի, նյութականի և անձնական շահագրգռվածության մասին, ինչը խաբուսիկ էֆեկտ է ունենալու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ մասնավորապես մեկնաբանելով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Սյունիք կատարած այցն ու այնտեղ արած հայտարարությունները։

Խաչատուրյանը հուլիսի 29-ին Սյունիք կատարած աշխատանքային այցի ժամանակ հայտարարել էր, թե Սյունիքը Հայաստանի զարգացման դարպասն է դառնալու հետագա զարգացման համար։

«Եթե մենք կարողանանք Սյունիքի դարպասները բացել, ես ի նկատի ունեմ 43 կմ հնարավորությունները, ուրեմն իսկապես վստահ եղեք, որ ապագան զարգացման առումով շատ մեծ հնարավորություններ է տալու մեզ։ Եվ այն մեծ ծրագիրը, որը մենք հիմա ներկայացնում ենք ու առաջ ենք տանում՝ «Խաղաղության խաչմերուկը», նաև շատ լավ ընկալվում է միջազգային հանրության կողմից»,- ասել էր Խաչատուրյանը։

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ այստեղ շատ կարևոր նշանակություն ունի լեզվամտածողությունը։ Ըստ նրա՝ գործող իշխանությունները «ամրոցի դարպասները» բացելուց են խոսում, սակայն դա ոչ թե տնտեսական զարգացման, այլ Հայաստան ներխուժման մուտքն է` տնտեսական անվան ներքո քաղաքական վերահսկողության հսկիչ փաթեթը վերցնելու նպատակով:

«Այո´, Ադրբեջանին ու Թուրքիային միջանցք տրամադրելը ձեզ` ձեր քաղաքական թիմի համար, հնարավորություններ կարող է բացել, բայց դուք քիչ կապ ունեք հայ ժողովրդի և հայկական օրակարգի հետ»,- շեշտում է Աբրահամյանը։

Հիշեցնենք` ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, սակայն Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ Նախիջևանից Ադրբեջան անարգել երթևեկություն տրամադրելով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ Հայաստանը դեմ չէ Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան հատվածի միջև անարգել երկաթուղային հաղորդակցությանը, բայց Հայաստանի իրավասության շրջանակներում:

2024 թվականի օգոստոսին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան կողմ է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների բացմանը Հայաստանի Սյունիքի մարզով։

Sputnik Արմենիա