Դատախազությունը վիճարկում է Աբրահամյանների ձեռք բերած հողերի օրինականությունը
ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան Արտաշատ համայնքի դեմ՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել հողամասերի առուվաճառքի պայմանագրերը, որոնք կնքվել են ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կնոջ և որդու հետ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Երկու հայցերից մեկը վերաբերում է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի և Արտաշատի բնակավայր Մխչյան համայնքի միջև կնքված պայմանագրի լուծարմանը, իսկ մյուսը՝ Հովիկ Աբրահամյանի կնոջ՝ Ջուլիետա Աբրահամյանի և Մխչյան համայնքի միջև կնքված պայմանագրին։
Դատախազությունը պահանջում է առոչինչ ճանաչել Մխչյան համայնքի ղեկավարի երեք որոշումները, որոնց արդյունքում, ըստ գնահատման, առանց իրավական հիմքի օտարվել են պահուստային ֆոնդին պատկանող երեք հողատարածքներ՝ համապատասխանաբար 8.9 հա, 7.2 հա և 4092 քմ մակերեսով։
Նշվում է, որ այդ հողատարածքներից 16.1 հեկտարի սեփականատերը Արգամ Աբրահամյանն է, իսկ 4092 քմ մակերեսով տարածքը պատկանում է Ջուլիետա Աբրահամյանին։ Խոսքը 2003 և 2004 թվականներին կնքված պայմանագրերի մասին է։
Արգամ Աբրահամյանի դեմ գործերից մեկով, որով դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Մխչյան համայնքում 2004 թ․ հողամասի աճուրդով վաճառքը, դատախազությունը նախ դիմել էր վարչական դատարան։ Սակայն վարչական դատարանը գործը չի քննել, քանի որ գտել է, թե այն վերաբերում է մասնավոր՝ քաղաքացիական իրավունքի ոլորտին, մինչդեռ Հակակոռուպցիոն դատարանն այլ կարծիք ունի։
Քանի որ դատարանները տարակարծիք են Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանը 2025 թ․ հուլիսի 23-ին որոշում է կայացրել դիմել Վճռաբեկ դատարան, որը կորոշի՝ որ դատարանն է իրավասու քննելու գործը։
Sputnik Արմենիա