Դատարանը որոշել է, որ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունն ապօրինի է կատարվել

Դատարանը որոշել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տան խուզարկությունը կատարվել է ապօրինի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կարապետյանի պաշտպան Լիաննա Գասպարյանը։

«2025 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու մասին առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Կարապետյանի (ընդ որում՝ Արտակ Կարապետյանը Սամվել Կարապետյանին կալանավորած դատավորն է) կողմից կայացված որոշման դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքը բավարարվել է, ինչի արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է Սամվել Կարապետյանի իրավունքի խախտման փաստը»,- գրել է փաստաբանը։

Նա շեշտում է՝ այսպիսով հստակ փաստվում է, որ խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար ի սկզբանե բացակայել են բավարար փաստական հիմքերը։ Ստացվում է, որ Սամվել Կարապետյանի բնակարանում կատարված խուզարկությունը բացահայտ ապօրինի է եղել։

Sputnik Արմենիա