Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կտեղափոխվի Մատենադարան
Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այս մասին Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման և երկու պետություն սկզբունքի իրագործման հարցով ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպված միջազգային բարձրաստիճան համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախագահ Վահան Կոստանյանը։
«Հիմնվելով մեր սեփական փորձի վրա՝ Հայաստանը քաջատեղյակ է, թե ինչ է պատերազմական սարսափը։ Չնայած սահմանափակ ռեսուրսներին՝ մենք մշտապես ջանքեր ենք գործադրել Պաղեստինի ժողովրդի կարիքներին աջակցելու հարցում»,– ասել է նա։
Կոստանյանը նշել է նաև, որ Հայաստանը, լինելով աշխարհի հնագույն քրիստոնեական ազգերից մեկը, հատուկ կարևորություն է տալիս նաև Սուրբ հողում քրիստոնեական ժառանգության պահպանությանը:
Նա հույս է հայտնել, որ Երուսաղեմի սրբավայրերի կառավարման պատմական ստատուս քվոն կպահպանվի և լիովին կհարգվի՝ որպես միջկրոնական համերաշխության և խաղաղ համակեցության անկյունաքար։
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ենթարկվեց աննախադեպ զանգվածային հրթիռային հարձակման։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա և վերցնելով ավելի քան 200 պատանդ։ Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց «Երկաթե թրեր» ռազմական գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:
Կողմերի միջև ռազմական գործողությունները, որոնք ընդհատվում են կարճատև զինադադարներով, Գազայի հատվածում խլել են ավելի քան 58 հազար պաղեստինցիների և մոտ 1,5 հազար իսրայելցիների կյանք, ինչպես նաև տեղափոխվել են Լիբանան ու Եմեն և հրահրել Իսրայելի և Իրանի միջև հրթիռային հարվածների փոխանակում:
Դոհայում հուլիսի 6-ին վերսկսվել են Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունները: ԶԼՄ-ների տվյալներով՝ առաջին փուլերն ավարտվել են անարդյունք։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդել Աթին, Արաբական Հանրապետությունն այլ միջնորդների՝ Կատարի և ԱՄՆ-ի հետ միասին աշխատում է 60-օրյա հրադադարի ուղղությամբ, որի ընթացքում ենթադրվում է իսրայելցի պատանդների ազատ արձակումը:
Sputnik Արմենիա