Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում չեղարկվել են մի շարք գնման գործընթացներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ընկերությունում չեղարկվել են մի շարք գնման գործընթացներ. ընդհանուր ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով։ Տեղեկությունը հայտնում է ՀԷՑ–ի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ խոսքն ընկերության կարիքների համար մինչ այս նախաձեռնված չորս գնումների գործընթացների մասին է։

«Ժամանակավոր կառավարչի կողմից գնումների այդ գործընթացների կասեցումը պայմանավորված է ընկերությունում այդ գործընթացներին առնչվող ընթացակարգերում վերհանված մի շարք համակարգային խնդիրներով (խտրական տեխբնութագրեր, ոչ ներառական և անթափանցիկ գործընթացներ, նախնական գնանշման ոչ օբյեկտիվ մոտեցումներ և այլն)»,– ասված է հաղորդագրությունում։

Տվյալ գնումների գործընթացների միջոցով նախատեսվում էր ձեռք բերել ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսված մի շարք աշխատանքների համար անհրաժեշտ էլեկտրատեխնիկական սարքավորումներ, հաշվիչներ, մալուխ։

Նշվում է նաև, որ այս փուլում իրականացվում են ՀԷՑ–ի կարիքների համար անհրաժեշտ սարքավորումների և նյութերի ձեռքբերման նպատակով գնումների գործընթացների լավարկման աշխատանքներ, ինչպես նաև կազմակերպվում և մշակվում են դրանց իրականացման թափանցիկությունը, օբյեկտիվությունն ու ներառականությունը ապահովող գործիքակազմերը:

«Գնումների գործընթացների՝ այս փուլում չեղարկումը և առաջիկայում դրանց նորովի մեկնարկումը ընկերությունում զուգորդվում է տեխնիկական և էներգետիկ ուղղություններով հրատապ կարիքների և միջնաժամկետ կտրվածքով պլանավորված անհետաձգելի աշխատանքների հետ համապարփակ համադրմամբ»,– նշված է հաղորդագրությունում։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից հայտնում են նաև, որ ընկերության կարիքների համար նախատեսվող գնումների գործընթացները կմեկնարկեն ըստ պլանավորված ժամանակացույցի՝ սկսած օգոստոսի առաջին տասնօրյակից:

Sputnik Արմենիա