Կանադան և Մալթան հայտարարել են, որ կճանաչեն Պաղեստին պետությունը

Կանադան և Մալթան հայտարարել են, որ նախատեսում են սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում պաշտոնապես ճանաչել Պաղեստին պետությունը՝ միանալով Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային, որոնք այդ մասին հայտարարել էին ավելի վաղ։

Պաղեստինի` որպես պետության ճանաչումը տեղի է ունենում Եվրոպայի կողմից Իսրայելի վրա գործադրվող ճնշումների ֆոնին՝ նրան հարկադրելու դադարեցնել Գազայում կործանարար պատերազմը, ինչպես նաև կանգնեցնելու բնակավայրերի ընդլայնումն Արևմտյան ափում։

Կանադայի վարչապետ Մարկ Կարնին կառավարության նիստից հետո հայտարարել է, որ Գազայում մարդկային տառապանքների մակարդակն անտանելի է, ընդգծել է միջազգային համագործակցության անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու համար։

«Կանադան վաղուց է հավատարիմ երկու պետությունների գաղափարին։ Անկախ, կենսունակ և ինքնիշխան պաղեստինյան պետություն, որը գոյակցում է Իսրայել պետության հետ՝ խաղաղության և անվտանգության պայմաններում», — հավելել է Մարկ Կարնին։

Մալթան վաղուց է աջակցում Պաղեստինի ինքնիշխանությանը և նրա քաղաքացիների ինքնորոշման իրավունքին։ Մալթայի արտաքին գործերի նախարարության մշտական քարտուղար Քրիստոֆեր Կուտաջարն այդ մասին հայտարարել է ավելի վաղ` ՄԱԿ-ի կողմից կազմակերպված համաժողովում։

«Որպես ՄԱԿ–ի պատասխանատու անդամներ՝ մենք պարտավոր ենք երկու պետության գաղափարը տեսությունից իրականություն դարձնել», — ասել է Կուտաջարը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը հայտարարել էր, որ երկիրը պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը մինչև սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխարհի 193 առաջնորդների տարեկան հանդիպումը։

Sputnik Արմենիա