«ԲՐԻԿՍ-ը հակաամերիկյան կազմակերպություն չէ». Կրեմլը պատասխանել է Թրամփին
ԲՐԻԿՍ-ն իր գործունեությունը չի ուղղում այլ երկրների դեմ և հակաամերիկյան կազմակերպություն չէ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ցանկացած պետություն, որն աջակցում է ԲՐԻԿՍ-ի «հակաամերիկյան» քաղաքականությանը, հարկվելու է լրացուցիչ 10% մաքսատուրքով: Նա հավելել էր, որ ԲՐԻԿՍ-ը փորձում է այնպես անել, որ դոլարը զրկվի համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակից։
«ԲՐԻԿՍ-ը սպառնալիքներին չի պատասխանում։ ԲՐԻԿՍ-ն իր գործունեությունը երբեք չի ուղղում ինչ-որ երկրների դեմ. նման խնդիր չունի։ ԲՐԻԿՍ-ը ստեղծվել և զարգանում է, որպեսզի երկրները համագործակցեն փոխադարձ հետաքրքրություն և շահ ներկայացնող ոլորտներում: Սա է կազմակերպության նպատակը», - ասել է Պեսկովը լրագրողներին։
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 2-ին հրամանագիր ստորագրեց այլ երկրներից ներկրման համար «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին: Մաքսատուրքերի բազային տոկոսադրույքը 10% է, իսկ 57 երկրների համար ապրիլի 9-ից գործարկվել են ավելի բարձր տոկոսադրույքներ, որոնք հաշվարկվել են՝ ելնելով տվյալ երկրի հետ ԱՄՆ-ի առևտրային պակասուրդից և հավասարակշռություն ապահովելու անհրաժեշտությունից։ Սակայն արդեն ապրիլի 9-ին Թրամփը հայտարարեց, որ ավելի քան 75 երկրներ չեն ձեռնարկել պատասխան միջոցներ և բանակցություններ են խնդրել, ուստի Չինաստանից բացի մյուս երկրների համար 90 օրով (այսինքն՝ մինչև հուլիսի 9-ը) կգործեն ներմուծման 10% բազային մաքսատուրքեր: Այդ ամսաթվից առաջ Թրամփը օտարերկրյա ապրանքների ներմուծման ավելացված մաքսատուրքերի գործողության ժամանակավոր դադարեցումը երկարաձգեց մինչև օգոստոսի 1-ը և մի շարք երկրների ծանուցագրեր ուղարկեց այդ ամսաթվից նրանց համար տուրքի բարձրացման մասին:
Sputnik Արմենիա