Երևանի կենտրոնում տեղի ունեցաց բախումների ժամանակ տուժել է Նաիրա Զոհրաբյանը
Երևանի կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով տուժածներ կան` երկու ոստիկան, 1 քաղաքացիական անձ և 1 պատգամավոր։ Ներկա պահին երկուսը հիվանդանոց են տեղափոխվել։
Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել ևս մեկ ոստիկան։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց բուժհաստատության մամուլի քարտուղար Շուշան Դանիելյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նույն հիվանդանոց է տեղափոխվել 1 ոստիկանության աշխատակից (1992 թվականի ծնված Ա. Կ.), որը ստացել է գլխի շրջանի վնասվածք, վիճակը գնահատվում է բավարար: Բացի այդ, նաև մեկ քաղաքացի էր հիվանդանոց տեղափոխվել (1953 թվականի ծնված Հ. Ս.), որը ստացել է գոտկային շրջանի վնասվածք, վիճակը գնահատվում է բավարար։
Ավելին, ծեծկռտուքի ժամանակ տուժել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա ոտքի վնասվածք է ստացել։
Նշենք, որ օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանների տերերն ու աշխատակիցներն այսօր բողոքի ակցիայի էին դուրս եկել։ Նրանց կռիվը Երևանի քաղաքապետարանի դեմ է, որը որոշել է ապամոնտաժել Ազատության հրապարակի հարակից սրճարաններն ու ծառեր տնկել այնտեղ։
Մարդիկ փակել էին Մաշտոց պողոտան և պահանջում էին դադարեցնել սրճարանների ապամոնտաժումը։ Նրանք հայտարարում էին, որ գումար են ներդրել, բարեկարգել և կառուցապատել տարածքը, իսկ ապամոնտաժումը նրանց ֆինանսական վնասներ կհասցնի։ Բացի այդ, մեծ մասը գործազուրկ կդառնա։
Քաղաքապետարանը վստահեցնում է, որ ապամոնտաժման գործընթացն իրականացվում է օրինականության և նախկին վարձակալների հետ պայմանագրերի տառին համապատասխան։ Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի` երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։ Կադաստրի պետական կոմիտեն 30-օրյա ժամկետը լրանալուց հետո քաղաքապետարանի հարցման հիման վրա դադարեցրել է վարձակալության իրավունքը։ Այնուհետև քաղաքապետարանը փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից։ Սակայն նախկին վարձակալները չեն մաքրել տարածքը, և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներն են սկսել ապամոնտաժել կառույցները՝ կանաչապատման աշխատանքները սկսելու համար։