Մոսկվան շահագրգռված է վերականգնել լիարժեք հարաբերություններ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ լայնաֆորմատ հարաբերությունների վերականգնմամբ, և հույս հայտնել, որ այժմ դրա համար անհրաժեշտ պայմաններ են ստեղծվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք բազմիցս ասել ենք, որ ցանկանում ենք վերականգնել լայնաֆորմատ հարաբերությունները: Հուսով եմ՝ այդ ուղղությամբ անհրաժեշտ պայմաններ են ստեղծվում՝ չնայած պարոն Մյուլերի հանձնաժողովի աշխատանքի ողջ էկզոտիկությանը: Ընդհանուր առմամբ, նա օբյեկտիվ հետաքննություն է անցկացրել և հաստատել Ռուսաստանի և գործող վարչակազմի միջև կապի բացակայությունը: ԱՄՆ-ի ընտրություններին մեր կողմից պետական մակարդակով որևէ միջամտություն չի եղել և չէր կարող լինել» ,- հայտարարել է Պուտինը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ տպավորություն է ստեղծվել, որ վերջինս տրամադրված է ռուս-ամերիկյան կապերի վերականգնմանն ու համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծմանը: