ՀՅԴ-ն իշխանական մարմիններին ցույց է տալիս դեղին քարտ
Ազատության հրապարակում ՀՅԴ հրավիրած հանրահավաքի մասնակիցները դեղին քարտ ցույց տվեցին իշխանություններին և լրջանալու կոչ արեցին։
«Մենք և քարտ ենք ցույց տալիս՝ հույս ունենալով, որ երկրորդ, երրորդ քարտի կարիք չի լինի»,- նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը, տեղեկացնում է News.am-ը։
ՀՅԴ բյուրոյի անգամ Արմեն Ռուստամյանն էլ շեշտեց՝ հանրահավաքի առաքելությունն է՝ ահազանգ հնչեցնել իշխանություններին, որ այսպես շարունակվել չի կարող. «Մենք ընդհուպ մոտեցել ենք անշրջելիության կետին, այն կետին, որից հետո կորուստներն անդառնալի են լինում:
Իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ միայն համահունչ չէ երկրի դիմագրաված մարտահրավերներին և ժողովրդի սպասումներին, այլև գնալով առաջացնում է նոր վտանգներ, կուտակում նոր խնդիրներ: Սա մի սպառնալիք է, որն այս ինքնագոհ և ինքնահավան իշխանությունը չի զգում ու չի էլ պատրաստվում դրա դեմն առնել: Դրա համար եկել ենք ասելու՝ լրջացե՛ք, դուրս եկեք ձեր այս ինքնասիրահարված ու էյֆորիկ վիճակից:
Որ սթափվելու պահն է, ցույց են տալիս այս վարչախմբի իշխանավարման մեկամյա հետևանքները, դրանք շատ տխուր են: Այլևս ակնհայտ է, որ համաժողովրդական շարժումը, որի կողքին կանգնել ենք նաև մենք, վաղուց արդեն չունի իր սկզբնական թափն ու ընդգրկումը: Ինչպես և հաճախ է պատահել մարդկության պատմության ընթացքում, դա տեղի է ունենում այն պարզ պատճառով, որ շարժման առաջնորդը ժամանակի ընթացքում շարժումը սկսում է փոխարինել իրենով և հետզհետե ձեռք է բերում ժողովրդի անունից խոսելու բացառիկ իրավունք: Արդյունքում, առաջ-առաջ գոռալով՝ հետ-հետ ենք գնում, քանզի կրկին վերադառնում ենք միահեծան ու միանձնյա կառավարմանը, բայց այս անգամ իբրև թե ժողովրդի կամքով ու պահանջով: Արդեն ժողովրդի անունով պարբերաբար կարելի է տապալել սահմանադրական կարգը, շրջանցել օրենքներն ու կասեցնել ցանկացած պետական մարմնի լիազորություն: Սա մի ընթացք է, որը գուժում է ոչ ավելի, ոչ պակաս սահմանադրական պետության վերջի մասին: Հենց այս դեպքերի համար է ժողովրդական խոսքն ասում. «Մրից ելանք, մրջուրն ընկանք»:
Էլ չեմ ասում, որ ամեն առիթով սեր ու համերաշխություն գոռալուց միայն ատելությունն ու թշնամանքն է ավելացել:
Այս իշխանությունները չեն էլ նկատում, որ անընդհատ նախկինների հետ համեմատվելով՝ կամաց-կամաց սկսում են նախկիններին նմանվել: Հասկացե՛ք, որ ցեխաջրով լվացվելով՝ չեն մաքրվում, ցեխոտվում են:
Հասկացե՛ք նաև, որ այո՛, բացառված է, չի կարող լինել վերադարձ անցյալին, բայց սա էլ ճիշտ չի մեկնաբանվում: Չվերադառնալ անցյալին` նշանակում է չվերադառնալ անցյալի հոռի բարքերին ու արատներին, այլ ոչ թե ջնջել այն ամենը, ինչ եղել է անցյալում: Անցյալում շատ դրական բաներ էլ են եղել: Անցյալում հաղթանակներ ու մեծագույն ձեռքբերումներ են եղել: Պատմությունը ձեզնից չի սկսվելու, ուշքի եկեք: Ձեռք բերվածի արժեքը չգիտակցելով՝ եղածն էլ կկորցնենք:
Եթե չի գիտակցվում, որ մեր հավաքական ուժի միակ հուսալի աղբյուրը մեր ունեցած ավելի քան տասը միլիոն հայությունն ու 42 հազար քառ.կմ դարձած Հայաստանն ու Արցախն են, ուրեմն կորուստներն անխուսափելի են լինելու, իսկ մեր ապագան՝ վտանգված: Եթե Ազատամարտի հաղթական այս ձեռքբերումը մեզնից անգամ մեկի մտքով անցնում է ստորադասել որևէ այլ` թեկուզև կարևոր բանից, ուրեմն մեր սերունդն ազգովի սթափվելու խնդիր ունի:
Ավելին` եթե դավադիր պատերազմի մասին հայտարարությունը սոսկ վարկած կամ թեկուզ հիմնավոր կասկած է, այլ ոչ թե կոնկրետ բացահայտում, ապա դա ոչ միայն վտանգավոր է, այլև մեծագույն նվեր Ադրբեջանին: Հիշե՛ք, որ Ադրբեջանը հենց այդ տրամաբանությամբ էլ արդարացնում էր 2016 թվականի` իր ապրիլյան ագրեսիան:
Այո՛, այսպես շարունակել չի կարելի, հենց ա՛յս ահազանգն է հնչեցնում մեր հանրահավաքը:
Սակայն չկա երաշխիք, որ իշխանություններն անհրաժեշտ լրջություն կդրսևորեն և չեն շարունակի այս գահավիժող ընթացքը: Որովհետև ձևավորվում է մի կայուն տպավորություն, որ ոմանք ստացել են իշխանություն ու չգիտեն, թե դրա հետ ինչ անեն, ու անում են խելքներին ինչ փչի:
Անհրաժեշտ երաշխիքը կարող տալ դարձյալ նույն ինքը` հայ մարդը, Հայաստանի քաղաքացին, բայց ոչ թե որևէ մեկին կուռք դարձրած` կուրորեն հետևողը, այլ ինքնուրույն, ազատ մտածող ու գործող հայ մարդը: Հետևաբար, այս հանրահավաքով պետք է մեկնարկի երկրի համընդհանուր զարգացումը բնականոն հուն տեղափոխելու համար իշխանություններին հակակշռելու և զսպելու քաղաքական և քաղաքացիական հետևողական մի գործընթաց: Սա նշանակում է ոչ միայն սկսել և քարտերի մի շարժում և իշխանության ամեն սխալ, վնասակար ու վտանգավոր քայլի համար իշխանությանը և քարտ ցույց տալ, այլև ցույց տալ, թե որն է Հայաստանի, հայության համար երկրի զարգացման բնականոն հունը: Իսկ սա արդեն այն հարցն է, որի առջև կանգնում է ու պետք է կանգնի Հայաստանի որևէ իշխանություն:
Եվ սա բխում է այն պարզ իրողությունից, որի մեջ գտնվում են Հայաստանն ու Արցախը: Փաստն այն է, որ մենք պատերազմի և շրջափակման մեջ ենք: Նաև նույնքան ակնհայտ է, որ մենք պարտավոր ենք զարգանալ պատերազմական, շրջափակման և դեպի ծով ելք չունենալու պայմաններում` առանց զիջելու մեր համազգային շահերն ու ձեռքբերումները: Այս նպատակին հասնելու համար հիրավի մեզ պետք են խորքային ու բազմակողմանի փոփոխություններ: Այսպիսի նպատակային և հստակ ծրագրված փոփոխություններին իսկապես այլընտրանք չկա:
«Զարգանալ՝ չզիջելով» գաղափարն իր բոլոր՝ ազգային, քաղաքական, տնտեսական, սոցիալական, հոգևոր-մշակութային և այլ բաղադրիչներով կյանքի կոչելու համար բոլոր շահագրգիռ ուժերին և անձանց համախմբելու և գործի մղելու մեկնարկն է, որ ազդարարվում է այս հանրահավաքով:
Այո՛, մենք կարող ենք և պետք է զարգացնենք մեր երկիրը՝ առանց թշնամուն զիջելու»:
Արմեն ռուստամյանը կրկնել լրաջանալու կոչը, այլապես, ասաց, դեղին քարտը ի վերջո կարմիր կդառնա․ «Լրջացե՛ք և ստանձնե’ք ազգային իշխանություններին վայել` ձեզ բաժին հասած հանձնառությունը, ապա թե` ոչ, այս քարտերը մի օր կարմիր կդառնան»: