Արցախի պետնախարարի աշխատակազմի պարզաբանումը

Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմը հերքում է վերջերս մամուլում տարածված տեղեկատվությունը, թե արդեն երկու ամիս է ՀՀ կառավարությունը մերժում է Արցախի կառավարությանը ֆինանսական աջակցության դիմումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն այդ մասին հայտարարություն է տարածել:

«Վերջերս մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, որ արդեն երկու ամիս է ՀՀ կառավարությունը մերժում է Արցախի կառավարությանը ֆինանսական աջակցության դիմումները չի համապատասխանում իրականությանը: Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետությանը տրամադրվող նախատեսված բյուջետային վարկը փոխանցվում է սահմանված գրաֆիկի համաձայն: Հայկական զույգ պետությունների ֆինանսատնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Կոչ ենք անում զանգվածային լրատվության միջոցներին ստուգել տեղեկատվության իսկությունը և զերծ մնալ հանրությանն ապատեղեկատվություն տրամադրելուց»,- ասված է հայտարարության մեջ:

Основная тема:
Теги: