Հավելյալ 25 մլն եվրո
Եվրամիությունը Հայաստանին 25 մլն եվրոյի հավելյալ օգնություն է հայտկացրել՝ ժողովրդավարական բարեփոխումների աջակցման և Եվրամիության հետ Գործընկերության մասին համապարփակ և ընդլայնված համաձայնագրի իրագործման համար:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի երկրորդ նիստի ավարտին:
«ԵՄ խորհուրդը հիշեցնում է, որ Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 160 մլն եվրո է հատկացրել որպես օգնություն 2017-2020 թվականների համար: Որպես բարեփոխումների համաձայնեցված օրակարգի և Գործընկերության մասին համապարփակ և ընդլայնված համաձայնագրի իրականացմանը Հայաստանի հավատարմության ճանաչում՝ ԵՄ-ն որոշում է կայացրել հավելյալ 25 մլն եվրո հատկացնել Հայաստանին 2019-ին աջակցության գործողությունների ամենամյա ծրագրի համաձայն», - ասվում է հայտարարության մեջ:
ԵՄ խորհուրդն ընդգծել է Գործընկերության մասին համապարփակ և ընդլայնված համաձայնագրի հետագա իրագործման կարևորությունը ԵՄ-ի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ընդլայնման համար:
Եվրամիությունը խոստացել է նաև շարունակել աջակցել Հայաստանին ենթակառոցվածքային և էներգետիկ նախագծերի իրականացման հարցում: ԵՄ խորհուրդն ընդգծել է դատական համակարգի բարեփոխումների իրականացման շարունակության և բիզնեսի վարման պայմանների բարելավման կարևորությունը (արտասահմանյան ներդրումներ գրավելու և աշխատաշուկան ընդլայնելու համար), տեղեկացնում է tert.am-ը: