Ֆրանսիացի փաստաբանը և դատախազությունը պահանջել են դատավորի ինքնաբացարկը

Այսօր Վերաքննիչ դատարանում ընդմիջումից հետո նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը։ Նա ազգությամբ հայ է, ապրում, աշխատում է Ֆրանսիայում։

«Դուք չեք կարող քննել այս գործը, պարզապես չեք կարող։ Երբ ես որոշ ուսումնասիրություններ անցկացրեցի շատ հետաքրքիր կարծիք ունեցա հեղափոխությունից հետո Հայաստանում արդարադատության վերաբերյալ։ Այսօրվա առարկան ու խնդիրը միայն Ռոբերտ Քոչարյանին չի վերաբերում, այլ վերաբերում է ազատության սկզբունքին, անմեղության կանխավարկածին, և սա է պատճառը, որ ես այդքան կիլոմետր հատել եմ ու եկել այստեղ», - հայտարարեց փաստաբանը։

Սևակ Թորոսյանը նաև նշեց, որ գնահատման արդյունքների համաձայն, դատավոր Արմեն Դանիելյանը շատ ցածր վարկանիշ ունի ու վկայակոչելով այդ տվյալները, հորդորեց Դանիելյանին ինքնաբացարկ հայտնել։

«Գործի վարույթը պետք է վստահվի ավելի բարձր վարկանիշ ունեցող դատավորի, փաստաբանների բարձր գնահատանքին արժանացած դատավորի։ Որպեսզի հանգստացնեք դատախազությանը, եկեք ամենամեծ հանգստությամբ ինքնաբացարկ հայտնեցեք, գոնե պաշտպանական կողմը նույնպես կհանգստանա, և վստահ եմ, որ հետո ձեր հանգստությունը կհիշեք», - ասաց Թորոսյանը։

Ավելի վաղ, դատավորը մերժել էր Քոչարյանի մյուս փաստաբանների միջնորդությունն՝ ինքնաբացարկ հայտնելու մասին։ Սակայն այդ որոշման հրապարակումից հետո դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց նաև տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը։ Նա ևս կասկածի տակ էր դրել դատավոր Արմեն Դանիելյանի անաչառությունը։ Այս միջնորդությանը նույն հիմքով միացել էին նաև մեղադրող դատախազները։

Նկատենք՝ Վերաքննիչ դատարանում ընթանում է Գլխավոր դատախազության և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի ու տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի ներկայացրած բողոքների քննությունը։

Նրանք, մասնավորապես, Վերաքննիչ քրեական դատարանից պահանջել են ամբողջությամբ բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը և կայացնել նոր դատական ակտ` հաստատելով գործի վարույթի կասեցման հիմքի բացակայությունը, տեղեկացնում է Aysor.am: