«Մեծ քսանյակի» հռչակագիր

«Մեծ քսանյակի» երկրներն ափսոսում են աշխարհում քաղաքական և տնտեսական իրադրության վատթարացման համար, մասնավորապես առևտրային վեճերի թվի աճի և աշխարհաքաղաքական լարվածության սաստկացման: Այս մասին նշված է հունիսի 29-ին Օսակայում տեղի ունեցած G20-ի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում, հայտնում է DW-ն:

Բարձր մակարդակով այս հանդիպման գլխավոր թեմաներից մեկն էր ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային վեճը, որը բացասաբար է անդրադառնում ամբողջ համաշխարհային տնտեսության վրա: Վեճերի առարկա է դարձել կլիմայի պաշտպանության հարցը, չնայած այս հարցում հաջողվել է փոխզիջում գտնել: Ամփոփիչ փաստաթղթում «Մեծ քսանյակի» անդամ 20 երկրներից 19-ը հանդես են եկել կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրի աջակցությամբ: ԱՄՆ-ն, ինչես և նախկինում, հայտարարել է, որ չի ընդունում դրա դրույթները: Գագաթնաժողովի շրջանակում քննարկվել են նաև Հյուսիսային Կորեան և Սիրիայում ու Ուկրաինայի արևելքում ռազմական հակամարտությունները:

Ընդ որում՝ G20-ի երկրները չեն կարողացել միասնական ձևակերպման հանգել հովանավորչության դատապարտման հարցում: Ամփոփիչ հռչակագրում նրանք միայն կոչ են արել հասնել առևտրային ազատ և արդար միջավայրի ստեղծման: Շուկաները պետք է բաց մնան, չնայած վերջին շրջանում առևտրային ոլորտում լարվածությունը սաստկացել է, նշված է փաստաթղթում: