Կիպրոսն օրինական միջոցներ կկիրառի
Կիպրոսն օրինական միջոցներ կկիրառի, եթե թուրքական երկրորդ նավը հորատում սկսի Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ): Այս մասին հայտարարել է Կիպրոսի ԱԳՆ ներկայացուցիչը, հաղորդում է AP-ը:
Նա ԲՏԳ-ի մասին Թուրքիայի հայտարարությունները «մոլորեցնող, անհիմն և իրավաբանորեն սխալ» է անվանել:
Մայիսին Կիպրոսը մոտ 20 ձերբակալման միջազգային օրդեր էր տվել 3 ընկերությունների դեմ, որոնք աջակցում են Կիպրոսի արևմտյան ափից 42 մղոն հեռավորության վրա թուրքական նավի կողմից հորատման աշխատանքները:
Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենտոպը հայտարարել է, որ Թուրքիան չի դադարեցնի հորատումը՝ չնայած ԵՄ-ի կողմից հնարավոր միջոցների սահմանմանը:
Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում և շելֆում բնական գազի մեծ հանքավայրեր են գտել: 2011 թվականին ամերիկյան Noble Energy ընկերությունը, մասնավորապես, հայտնաբերել էր «Աֆրոդիտե» հանքավայրը, որի պաշարները գնահատվում են շուրջ 140 մլրդ խոր.մետր: Անկարան, որը վիճարկում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները, շրջան է ուղարկել «Ֆաթիհ» հորատման նավը, որը շաբաթ առավոտից բացառիկ տնտեսական գոտում է: Թուրքիան հայտարարում է, որ հորատումը կտևի 4 ամիս՝ մինչև սեպտեմբերի 3, տեղեկացնում է News.am-ը: