Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները քննարկում են ՄԻԵԴ նոր դիմումի հնարավորությունը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները քննարկում են ՄԻԵԴ նոր դիմումի հնարավորությունը: Պատճառը Վերաքննիչ դատարանի գործողություններն են և ընդունած որոշումները: Այս մասին հուլիսի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց փաստաբան Արամ Օրբելյանը, տեղեկացնում է News.am:

Նրա խոսքով՝ դիմելու հիմքեր կան, սակայն փաստաբանները հիմա քննարկում են, թե որ տարբերակն ընտրեն՝ բողոքն ավելացնե՞լ արդեն ներկայացված դիմումներին, թե՞ նոր բողոք ներկայացնել: «Հայաստանի պատմության մեջ աննախադեպ դեպք է պաշտպանական կողմին խոսքից զրկելը: Կարելի է ասել, որ պաշտպանական կողմը դատարանում ներկա չէր»,- նշեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում էր ընդունել՝ չլսելով Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին:

Խոսելով նախկին նախագահի հերթական կալանքի մասին՝ Արամ Օրբելյանը շեշտեց, որ որոշումը հիմնազուրկ է: «Փաստն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը, ազատության մեջ լինելով, ոչ մի ձևով քննությանը չի խոչընդոտել: Եթե հետևենք դատարանի տրամաբանությանը, որը հղում է կատարում Քոչարյանի հեղինակությանը և այդ հեղինակության հնարավոր օգտագործմանը, դատական գործին ներգրավված բոլոր պաշտոնյաներին պետք է կալանավորել՝ չքննարկելով խափանման միջոցները»,- նշեց փաստաբանը:

Մեկնաբանելով «Մարտի 1-ի» ընդհանուր գործով ներգործելու հնարավորության մասին մտահոգությունները՝ փաստաբանը հիշեցրեց, թե ՄԻԵԴՆ-ն ասում է, որ չի կարելի մարդուն կալանավորել՝ ելնելով ենթադրությունից, որ նա կարող է ներգործել այլ գործով: Փաստաբանը հավաստիացրեց, որ իր պաշտպանյալը չի էլ պատրաստվում ներգործել, քանի որ համոզված է, որ եղած մեղադրանքների հիման վրա անհնար է դատապարտել ոչ միայն իրեն, այլև ընդհանրապես ոչ ոքի:

Այս պահին Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ է ներկայացված մի քանի դիմում, հայրենական փաստաբանների հետ միասին նրա պաշտպանությունն ապահովում են 2 արտասահմանցի փաստաբաններ՝ Թորոսյանը և Ֆիցջերալդը: