Արցախի մասնակցությունը օրակարգի առանցքային հարցերից մեկն է

Դուք շատ լավ հասկանում եք, որ մեզ համար բանակցություններին Արցախի մասնակցության հարցն օրակարգային է, և մենք՝ այս իշխանությունն է առաջ բերել այս հարցը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա լիարժեք ներգրավվածություն, որովհետև այն այս գործընթացի սուբյեկտ է։

Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառանոլվ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ 3 ժամ տևած հանդիպմանը, տեղեկացնում է News.am:

«Հասկանում եք, որ եթե հարցը հեշտ լիներ, վաղուց լուծված կլիներ: Սա օրակարգային հարց է, որը կանոնավոր, հետևողականորեն հետապնդվում է, որովհետև մենք ունենք գերակա խնդիր. սա պրակտիկ խնդիր է, սա պրագմատիկ մոտեցում է, որ եթե մենք լիարժեք և արդյունավետ բանակցային, խաղաղ կարգավորման գործընթացի մասին ենք խոսում և մտածում հաշվի չառնել այս կարևորագույն գործոնը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ներգրավվածությանը և այս գործընթացում սեփականության զգացումի ամրապնդմանը, պրակտիկ առումով մենք վնաս ենք հասցնում խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետ աշխատանքին»,-ասաց նա:

Զոհրաբ Մնացականյանը հիշեցրեց Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի մասին՝ նշելով. «Այդ ժամանակ նույնպես բոլորս միասին ընդարձակ խոսել ենք այս հարցի մասին և արտահայտել, որ մենք սա երբևէ առաջ չենք բերի որպես նախապայման, բայց մենք չենք կարող հաշվի չառնել, որ սա կոնկրետ հարց է, որն արհամարհելն անհնար է»: