Մահացել է Ֆելիքս Գզողյանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 10-ին ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին, տեղեկացնում է Panorama.am-ը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա ճանաչված ռազմական գործիչ, գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի մահվան մասին:
Ֆելիքս Գզողյանը մեծ ներդրում է ունեցել պաշտպանության բանակի և հայոց զինված ուժերի ստեղծման ու կայացման գործում: Նա անմիջական մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտում և մեր փառավոր հաղթանակների կերտման գործում: Ֆելիքս Գզողյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն ու ոգու կորով»։