Փաշինյանը հրավիրեց կարևոր խոսակցության (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 5–ին ելույթ կունենա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Այս մասին նա ասաց Facebook–ի իր էջի ուղիղ եթերում։
Նա հիշեցրեց, որ օգոստոսի 6–ին Արցախում տեղի կունենա Համահայկական խաղերի բացումը, և այդ առիթով Ստեփանակերտում հավաքվելու են հայության բոլոր հատվածների ներկայացուցիչները։
Փաշինյանի խոսքով, այդ մասշտաբային միջացոռաւոմը շատ լավ առիթ է ընդլայնելու օրվա օրակարգը և խոսելու համազգային մարտահրավերների, համազգային միասնության բացառիկ ժամի և դրա ստեղծած հնարավորությունների մասին։
Այս կապակցությամբ, ինչպես հայտնեց Փաշինյանը, ինքն օգոստոսի 5–ին ժամը 19։00–ին ելույթ կունենա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Նա կոչ արեց ներկա լինել բոլորին, քանի որ տեղի կունենա շատ կարևոր խոսակցություն։
Անդրադարձ կլինի հայաստանյան, արցախյան, սփյուռքյան օրակարգին վերաբերող առանձին հարցերի։
«Բայց ընդհանուր առմամբ մեր նպատակը լինելու է համազգային միասնության մի կարևոր արձանագրում և դրանից բխող հետևություններ անելը»,– ասաց նա։
Կառավարության ղեկավարն առանձնահատուկ սիրով հրավիրեց Արցախի բոլոր հայրենակիցներին, քանի որ նման ձևաչափով նրանց առաջ ելույթ ունենալու առիթ չի ունեցել։
«Այդ օրը նրանց աչքերի մեջ ուղիղ նայելով` կունենանք շատ կարևոր խոսակցություն»,– եզրափակեց վարչապետը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։