Գյումրու օդանավակայանում ներքին հետաքննություն է անցկացնում

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի ստացել որևէ պաշտոնական ծանուցում «Պոբեդա» ավիաընկերությունից ձմեռային չվերթերի չիրականացման մասին։

Այս մասին նշվում է կոմիտեի Facebook-յան էջում։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՏԱՍՍ–ը, հղում անելով ավիաընկերության աղբյուրին, «Պոբեդա» լոուքոսթերը ձմեռային սեզոնից դադարեցնում է դեպի Գյումրի իրականացվող չվերթերը։ Նշվել է, որ չվերթերի դադարեցման որոշումը կապված է Գյումրու օդանավակայանում վառելիքի սիստեմատիկ թերլցման հետ։

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զանգվածային լրատվամիջոցների հրապարկումներից տեղեկացել է, որ Պոբեդա ավիաընկերությունը մտադիր է դադարեցնել Մոսկվա- Գյումրի-Մոսկվա չվերթերը: Հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն որևէ պաշտոնական ծանուցում Պոբեդա ավիաընկերությունից ձմեռային չվերթների չիրականացման մասին չի ստացել», – նշվում է Քաղավիացիայի տարածած հաղորդագրության մեջ:

Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակի պարզաբանման նպատակով Կոմիտե են հրավիրվել «Արմենիա Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի և «Պոբեդա» ավիաընկերության ներկայացուցիչները:

«Հանդիպման արդյունքում որոշում է կայացվել հանգամանքների ուսումնասիրության և համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով Կոմիտեի նախագահի հրամանով ձևավորել մասնագետներից կազմված աշխատանքային խումբ: Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ», – նշել են Քաղավիացիայից, տեղեկացնում է Newsarmenia.am: