Դավիթ Բաբայան․ Ամուլսարը և Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը

Ամուլսարը և Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը: Այս մասին ասաց Արցախի նախագահի աշխատակազմի փոխղեկավար, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանելով քաղաքագետ Արա Պապյանի հայտարարությունը:

«Այսօր «Ֆեյսբուք»-ում հանդիպեցի Արա Պապյանի գրառմանը, որում նա պնդում է, որ Ամուլսարի խնդիրը հայ ժողովրդի համար ամենակարևորն է: Պապյանի կարծիքով՝ հայ ժողովուրդն առանց Արցախի կապրի, իսկ առանց ջրի՝ ոչ: Նման հայտարարություններ իրենց կարող են թույլ տալ երեք կարգի մարդիկ՝ բավարար գիտելիքներ չունեցողները, որպեսզի դատեն նման կարևորության խնդիրների մասին, հոգեկան խանգարումներով մարդիկ և հայկական պետականությունը խարխլողները»,- շեշտեց Դավիթ Բաբայանը:

«Չէի ցանկանա Պապյանին դասել թվարկած կարգերից որևէ մեկին, պարզապես շատ եմ ցանկանում հույս ունենալ, որ նրա գիտելիքներն ուղղակի չեն բավարարում: Այդ բացը լրացնելու համար կրկնեմ այն, ինչն ասվում է, և ինքս էլ արդեն 20 տարի կրկնում եմ, հայ ժողովուրդն ունի 4 հիմնական խնդիր՝ Արցախ, Սևանի փրկություն, ազգային նույնականության պահպանում և Ցեղասպանության միջազգային ճանաչում: Այս խնդիրներից երկուսը փոխկապված են՝ Արցախը և Սևանը: Հենց Արցախից է կախված Հայաստանի բնապահպանական անվտանգությունը: Ասվածի ենթատեքստում հատուկ կարևորություն ունի Քարվաճառի շրջանը, այստեղից են սկիզբ առնում Սևանը սնուցող Արփան և Որոտանը, և հենց այս շրջանն է ապահովում նախկին ԼՂԻՄ ջրային պաշարների 85 տոկոսը: Այս փաստի կարևորությունը կարող են անտեսել կրկին վերևում թվարկված երեք կարգի մարդիկ: Եվ անչափ կարևոր է հիշել, որ նման փորձերը կարող են հայ ժողովրդի համար աղետ դառնալ»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

Основная тема:
Теги: