ԲԴԽ-ի նախագահ. Ճնշում չկա, կա միայն փորձ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ոչ թե ճնշում է իրականացվում, այլ ճնշման փորձ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների այն պնդումներին, որ իշխանությունների կողմից ահռելի ճնշումներ են գործադրվում դատարանների նկատմամբ։

«Ահռելի բառը չափազանցված է, ոչ թե ճնշում է իրականացվում, այլ փորձ է իրականացվում ճնշել, ընդ որում ոչ միայն իշխանական թևից»,–ասաց նա։

Վարդաձարյանի խոսքով՝ Քոչարյանի գործի շրջանակներում հասարակությունը երկու մասի է բաժանվել.

«Դատարանի առջև բողոքի ակցիաներ են իրակացնում և՛ Քոչարյանի աջակիցները, և՛ հակառակորդները, և ես կարծում եմ դա ճնշման փորձ է, սակայն չկա որևէ դատավոր, որը կարող է արդարադատություն իրականացնել հաշվի առնելով դատարանի առջև կանգնաք բողոքի ակցիա իրականացնող մարդկանց վանկարկումները»,–ասաց նա։

Հարցին, թե ինչպիսին կլինի իր դիրքորոշումը, եթե օրինակ վաղը ինչ–որ մեկի գործով մի խումբ քաղաքացիներ շրջափակեն դատարանների մուտքերը և թույլ չտան, որ դատավորը մտնի աշխատավայր, Վարդազարյանը պատասխանեց.

«Չեմ համարում, որ դատավորը պետք է ամբոխի պահանջով արդարադատություն իրականացնի, վստահ եմ, որ դատավորը իրավունք չունի ճնշվի դատարանի առջև տեղի ունեցող ցանկացած բողոքի ակցիայից։ Դատավորը չպետք է արդարադատություն իրականացնի կախված դատարանի առջև բողոքողների քանակից», տեղեկացնում է News.am։