Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ. ՍԴ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾՈՆ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՐՑԸ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՇՈՒՏ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը կարծում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցը դատավոր Աննա Դանիբեկյանը պետք է քննության առարկա դարձներ դեռ մինչև ՍԴ որոշումը։

«Ես այն կարծիքին եմ, երբ դատավոր Դանիբեկյանն այս գործի վարույթը ստանձնեց, պետք է սեղմ ժամկետում, անկախ ՍԴ որոշումից, քննության առարկա դարձներ խափանման միջոցի հարցը։ Իսկ Սահմանադրական դատարանի որոշումն էլ լրացուցիչ գործոն է և ավելի է մեծացնում այս հարց հնարավորինս արագ քննելու հնարավորությունը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների քրեական գործով դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 12-ին։

«Անկախ այս ամեն ինչից, եթե այդ հարցի քննությունը լինի սեպտեմբերի 12-ին, ապա ես կարծում եմ, որ դա չլինի այս գործով թույլ տրված ամենամեծ խախտումը, չնայած ցանկալի է, որ խափանման միջոցի քննությունը լինի հնարավորինս շուտ, նույնիսկ մինչև ՍԴ որոշումը»,-կարծիք հայտնեց իրավաբանը։

Մելիքյանը հիշեցնում է, որ դատական համակարգը երբևէ նման վիճակում չի հայտնվել, երբ գործով որոշումը նախ բողոքարկվի, հետո դատավորը փոխվի։ Սակայն եթե դատավոր է փոխվել, նա պետք է անդրադառնա խափանման միջոցի հարցին։

«Ինձ համար ի սկզբանե անհասկանալի էր, թե ինչու այդ անդրադարձը չի կատարվել վարույթը ստանձնելուց հետո։ Սա ինձ համար շատ նման է այն իրավիճակին, երբ մեկ այլ գործով նախաքննության փուլում առաջին ատյանի դատարանը մերժում է կալանքի միջնորդությունը, հետո վերաքննիչ դատարանը վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումն ու կայացնում է կալանքը խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշում, դրանից հետո առաջին ատյանի դատարանը չպե՞տք է այլևս անդրադառնա այդ հարցին, միայն այն պատճառով, որ վերադաս ատյանն է որոշել։ Ես այս մոտեցմանը կողմնակից չեմ»,-մանրամասնեց Մելիքյանը։

Հիշեցնենք, որ ՍԴ որոշման հրապարակումից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդություններ է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որոնք վերաբերում են Ռ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելուն։ Պաշտպանները դատարանի նախագահին ուղղված գրությամբ խնդրել են ապահովել, որ ներկայացված միջնորդությունները հանձնվեն ու քննության առնվեն անհապաղ։

Այս հարցի վերաբերյալ Panorama.am-ի զրուցակիցը ձեռնպահ մնաց դատողություններ անելուց։

«Դրանք պետք է հիմնված լինեն ոչ միայն ՍԴ որոշման, այլ գործի նյութերի ու ՍԴ որոշման համադրման վրա։ Ես այդպիսի հնարավորություն չունեմ։ Կարծում եմ, այս պահին շատ ավելի համոզիչ են խափանման միջոցի հարցի հետ կապված դատողությունները»,-ասաց նա։