Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ԱՍՔ ՎԱՍՆ ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԿԱՄ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՆ ԴԱՏԱԽԱԶԻ

Հիմա արդեն պարզ է, թե ինչպես է ստացվում, որ ամեն անգամ դատախազությունը ցույց է տալիս վարպետաց դաս (մաստեր կլաս) թե ինչպես չպետք է քննել գործեր իրավական պետությունում։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Նա մասնավորապես նշել է.

«Պարզվում է՝ դատախազությունում միջին ծավալի իրավական փաստաթուղթ ընթերցելիս կարդում են միայն այն պարբերությունը, ուր գրած է դատախազ բառը՝ մոռանալով ինչի մասին է բուն փաստաթուղթը և ամբողջ փաստաթուղթը մեկնաբանելով այն տրամաբանությամբ, որ կյանքի բոլոր իրավիճակներում միակ ճիշտ որոշում կայացնող կառույցը դատախազությունն է։ Եթե նույնիսկ Սահմանադրական դատարանը ամրագրում է, որ կա օրենսդրական բաց և անհրաժեշտություն սահմանել հստակ կանոնակարգումներ, որոնք գործառութային անձեռնմխելիության տեսանկյունից թույլ կտան մինչդատական քրեական վարույթի նկատմամբ իրականացնել արդյունավետ դատախազական հսկողություն և դատական վերահսկողություն, միևնույն է դատախազության պնդմամբ առանց նույնիսկ որևէ կարգավորմանն էլ իրենք ինչպես միշտ կայացրել են ամենաճիշտ որոշումը։ Հիմա արդեն հասկանալի է, թե ինչու է Կառավարությունը ձգտում վաղ կենսաթոշակի ուղարկել Սահմանադրական դատարանի բոլոր դատավորներին և մնալ առանց Բարձր դատարանի. մենք այն եզակի երկրին ենք, որը ունի բոլոր իրավիճակներում և պայմաններում «միշտ ճիշտ որոշում» կայացնող մարմինը՝ դատախազությունը։ և ուրեմն կեցցե ամենայն հայոց ժողովրդի դատախազությունը»։

NEWS.am