Հրապարակվեցին Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության պահանջները

Երեւանի Ազատության հրապարակում «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամները ներկայացրեցին իրենց պահանջները:

Այդ պահանջները հետեւյալն են.

«1 Անմիջապես փոխել Ամուլսարի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի ողջ տրամաբանությունը, որն ինքնին կեղծ է և ոչ ամբողջական։

2 Դադարեցնել ժողովրդական պահանջի անտեսումն ու համեմատումը այն անհատների խմբի պահանջի հետ, ովքեր անմիջական շահառու են, և հանքի բացումը բխում է ուղիղ իրենց ֆինանսական շահերից:

3. Ուժը կորցրած ճանաչել «Լիդիան» ընկերության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական պետական եզրակացությունը` հենվելով արդեն իսկ բացահայտված թերությունների վրա, հաշվի առնելով նաև այն, որ իրենց փաստաթղթերում անտեսված են եղել բնապահպանական բազմաթիվ գործոններ։

4 Ուսումնասիրել նախորդ իշխանության օրոք տրված կասկածելի թույլտվության մանրամասները, բացահայտել այս գործով բոլոր հանցանքներն ու կոռուպցիոն դեպքերը։

5 Պահանջել «Լիդիան» ընկերությունից՝ դուրս բերել Ամուլսարի տարածքում մնացած շինտեխնիկան և վերականգնել լեռանը արդեն հասցված վնասները։

«Լիդիան» ընկերության գործունեությունը Հայաստանում ապօրինի է, քանի որ՝

ա պատշաճ կերպով չի ապահովվել հասարակության մասնակցությունը կարևորագույն այս որոշման ընդունման գործընթացին, ինչը թե՛ ներպետական օրենսդրության, թե՛ միջազգային կոնվենցիայի խախտում է,

բ խախտված են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի սկզբունքները,

գ խախտվել են «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի, «Բուսական աշխարհի մասին», «Սևանա լճի մասին», «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքների դրույթները:

Հաշվի առնելով վերը նշվածը և բազմաթիվ այլ հանգամանքներ, հայտարարում ենք հետևյալը՝

Թվարկված պահանջների իրականացման համար մենք ակնկալում ենք կառավարության արձագանքը խելամիտ ժամկետում։ Ջերմուկի մեր հայրենակիցները հայտարարել են, որ սեպտեմբերի 20-ից հետո գործադուլներ, դասադուլներ և բողոքի խաղաղ այլ ակցիաներ են իրականացնելու։

Հորդորում ենք Ձեզ՝ օր առաջ լուծել այս խնդիրը և դրանով իսկ կանխել թե՛ Ջերմուկում, թե՛ Երևանում և թե՛ Հայաստանի այլ հատվածներում սպասվելիք զանգվածային բողոքի դրսևորումները։

Իշխանությունը պատկանում է ժողովրդի՛ն, և մենք ամեն վայրկյան պատրաստ ենք ցույց տալ մեր ուժը, մեր վճռակամությունը հանուն Հզոր Հայաստանի։

Եկեք հեռատես լինենք, և երկիրը չտանենք նոր ցնցումների, միևնույն է Ամուլսարում հանք ոչ մի պարագայում չի՛ բացվելու»,-սաց նախաձեռնության անդամներից մեկը:

Նախաձեռնության անդամները ողջունեցին Ջերմուկում պահպանություն իրականացնող ակտիվիստներին` Ամուլսարի պահապաններին:

Ազատության հրապարակում ակցիան շարունակվում է ազգագրական երգ ու պարով:

Նշենք, որ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը այսօր մեծ քայլերթ էր  կազմակերպել Երեւանում 3 ուղղություններով: