ՀԱՅԵԼԻ՝ ՊՈՂՈՍԻ ՀԱՄԱՐ

Քանի դեռ թատերաբեմում զանգվածը պահանջված էր հաստատություններն աբորդաժի ենթարկելու և ճանապարհներն արգելափակելու համար, փողոց դուրս եկած յուրաքանչյուրի նկատմամբ վերաբերմունքը պաթետիկ էր. ոչ այլ կերպ, քան՝ «հպարտ քաղաքացիներ», «հեղափոխությունը դո՛ւ ես» և «իշխանությունը դո՛ւ ես»։ Բայց ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում։ Եվ «ազատ երկրի հպարտ քաղաքացիներ» դիմելաձևը «թավշե» իշխանության բառապաշարում անցավ հնացածների շարքը։

Այժմ ավելի ու ավելի հաճախ է հնչում քամահրալից «պողոսը», որը, դատելով առաջին անգամ Ամուլսարի պաշտպանների դեմ գործածված համատեքստից, տգետ ու բռի մարդու հավաքական կերպարն է, որը դատում է իր խղճուկ ինտելեկտի համար անմատչելի բաների մասին։ Ասենք, առաջին ազդանշանները, որ հեղափոխական գնացքի թատրոնից էվակուացնում են հոծախումբ տեսարանների մասնակիցներին, դարձան փողոցային տհաճ դրվագները, երբ շարքային քաղաքացիները, տեսնելով շքախմբով շրջապատված վարչապետին, փորձում էին խլել նրա թանկագին ժամանակը, բայց ոչ թե սելֆիի համար, ինչպես նա կցանկանար, այլ իրենց խնդիրները շարադրելու մտադրությամբ։

Միամի՜տ մարդիկ։ Ինչի՞ց ենթադրեցիք, թե գործազրկությունը, պարտքերն ու կենսական այլ խնդիրները հետաքրքրում են ժողովրդական վարչապետին։ Ո՞վ է ձեզ թույլ տվել այդպես մսխել նրա անգին ժամանակն ու մթագնել սեփական բացառիկությունից իր ստացած տպավորությունները։ Եվ եթե սկզբնական շրջանում Փաշինյանը ձևացնում էր, թե չլսեց խնդրանքը, ապա շուտով սկսեց կշտամբել ձրիակերական հակումների համար կամ էլ քամահրանքով գլուխ թեքել։ Եթե դա էլ չէր օգնում, ապա խնդրատուներին բավական կոպիտ  հետ էին հրում թիկնապահները։ Այդպես եղավ նաև Գյումրիի բնակչուհու հետ, որը դժգոհելով արտահայտեց այն ամենը, ինչ կուտակել էր սրտում։ Իսկ հեռուստախցիկներն արձանագրեցին տեսարանը, երբ վարչապետն ակնհայտ ծաղրալից տոնով հարցրեց նրան, թե իբր՝ եթե բոլոր դժգոհություններն արտահայտված են, ապա կարո՞ղ է ինքն արդեն գնալ։ Արդյոք նկատե՞ց նա, որ տեսախցիկը ցույց տվեց նաև, թե ինչպես հետո կոպտորեն հետ մղեցին նույն այդ կնոջը՝ թևից քաշելով, բառացիորեն դեն շպրտելով «ժողովրդի ծառայի» ճանապարհից։ Այն կնոջը, որին ինքն ամբիոնից ասում էր, թե հենց նա է հեղափոխությունը, թե հենց նա է տիրուհին ազատ ու հպարտ երկրի, որն իրենք միասին «փրկեցին» ագահ կոռուպցիոներների ճիրաններից։

Բայց հիմա վերաբերմունքն ընդհանրապես ժողովրդի և առանձին վերցրած յուրաքանչյուրի նկատմամբ հայելային փոփոխության է ենթարկվել. հիմա յուրաքանչյուր ոք, ով կհամարձակվի բողոքել, ով մտահոգ է, օրինակ, հարազատ հողի էկոլոգիական անվտանգությամբ, պահանջում է օրենքի տառի պահպանում և վեր դասում համազգային շահերը նյութական փայաբաժիններից, արտահայտում է իշխանության քաղաքականության հետ չհամընկնող սեփական կարծիքը, ընկալվում է որպես մարգինալ, տգետ պողոս։ Եվ դա նույնպես օրինաչափ է. հոծախումբ տեսարանների կարիքն այլևս չունեն, ուրեմն ինչո՞ւ գլուխ դնել, ինչպես ասում էր դասականը՝ «մավրն արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ»։ Միայն թե խելքներին չի հասնում, որ պողոսի հավաքական կերպարը այդ նույն Նիկոլի սիամական երկվորյակն է, և դեպքն էլ անվիրահատելի է։ Ահա այսպիսի բաներ

Основная тема:
Теги: