Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է աղմկահարույցի միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։

«Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանավորումը», – նշվում է Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պետ Նաիրա Հարությունյանի Facebook–յան գրառման մեջ։

Ինչպես հաղորդել էինք ավել վաղ, 2019թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00:20-ին, ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի վարչությունում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա: 2019թ սեպտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալից գրություն է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 06:40-ին իրենց մոտ է ընդունվել նշված սպան՝ «Փակ ծանր ԳՈՒՎ:գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշումով: Կատարվել է շտապ վիրահատություն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպան մարմնական վնասվածքն ստացել է 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1991թ, բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում:Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ բացի վերը նշված սպայից մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի ևս երկու սպա:

Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակչի զանգով նրան աջակցելու համար այնտեղ եկած 3-4 անձ փորձել են պարզաբանումներ ստանալ, որից հետո նրանց միջև սկսած ծեծկռտուքի ժամանակ ծեծի են ենթարկել սպաներին, տեղեկացնում է Newsarmenia.am։