Նեթանյահուն պատասխանում է Էրդողանի ՄԱԿ-ի ելույթին՝ հայերի «սպանդը» հիշեցնելով
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ունեցած ելույթին, որում Էրդողանը մեղադրում է Իսրայելին՝ Պաղեստինի տարածքներն օկուպացնելու մեջ։
Նեթանյահուն, որն այս տարի չի մեկնել Նյու Յորք՝ երկրում ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի պատճառով, թվիթերում պատասխանել է Էրդողանին ու հիշեցրել հայերի կոտորածները։
«Նա, ով չի դադարում ստեր ասել Իսրայելի մասին, իր երկրում սպանում է քրդերին և հերքում է հայ ժողովրդի սարսափելի սպանդը, չպետք է խրատներ տա Իսրայելին: Էրդողա՛ն, դադարի՛ր ստել»,-ասում է Նեթանյահուն։
Նշենք, որ ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ այսօր Պաղեստինի տարածքը Իսրայելի օկուպացիայի տակ է, որ դարձել է անարդարության օրինակ։ Էրդողանն իր խոսքերը պատկերավոր դարձնելու համար ՄԱԿ էր բերել նաև Իսրայելի ու Պաղեստինի տարածքների քարտեզները՝ սկսած 1947թ.-ից և այժմ, ու պահանջել արդարության վերականգնում Պաղեստինի համար։
Էրդողանը Գազայի հատվածում հրեական պետության քաղաքականությունը նմանեցրել էր հրեաների նկատմամբ նացիստական վերաբերմունքին: Ինչպես գրում է aljazeera-ն՝ Էրդողանը սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի մահմեդական առաջնորդներին ասել էր, որ «մենք Հոլոքոստը դիտում ենք այնպես, ինչպես Գազայի հատվածում պաշարվածներին», տեղեկացնում է Panorama.am-ը: