Փալոնե․ Այստեղ եմ, քանի որ ուզում եմ հստակեցնել՝ Արցախը պետություն է, ժողովրդավարական ազգ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնեն Արցախ կատարած այցի ժամանակ նշել է ԱՄՆ-ի և Արցախի միջև կապերի ամրապնդման կարևորությունը, հաղորդում է «Հայ Դատի» հանձնախումբը:

«Այստեղ եմ, քանի որ ուզում եմ հստակեցնել՝ Արցախը պետություն է, ժողովրդավարական ազգ»,- Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի և խորհրդարանի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ ասել է Փալոնեն:

Ավելի վաղ այս տարի «Հայ Դատի» հանձնախմբի աջակցությամբ կոնգրեսականը ներկայացրել էր Արցախի հետ կապերի և ճանապարհորդությունների մասին բանաձևը: Բանաձևով կոչ է արվում ամերիկացի պաշտոնյաներին թույլ տալ Արցախ այցելել և շփվել իրենց արցախցի գործընկերների հետ: Փաստաթուղթը նաև կոչ է անում թույլ տալ Արցախի Հանրապետության ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը լիարժեք և ուղիղ մասնակցություն ունենալ ԵԱՀԿ-ի և Արցախի ապագայի հետ կապված մյուս բոլոր բանակցություններին: