ՄՏԱԲԵՐԵԼՈՎ 98-Ի ՓԵՏՐՎԱՐԸ. ԻՆՉՈ՞Ւ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵՑ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻՆ

Հունիսի 19-ին մամուլում սենսացիոն տեղեկություն հայտնվեց. հղում կատարելով Քննչական կոմիտեին, հաղորդվեց, որ պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի ներկայացրած հայցադիմումի հիման վրա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և պաշտոնատար այլ անձանց դեմ հարուցվել է քրեական գործ: Ըստ News.am-ի, այդ լուրը հաստատել է ՔԿ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետ Ռիմա Եգանյանը՝ նշելով, որ հունիսի 15-ին 4-րդ զինվորական քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով, Խաչատրյանը ճանաչվել է տուժող, իսկ քննությունը շարունակվում է:

Մի քանի ժամ անց ՊՆ մամլո ծառայությունը հերքում տարածեց: «Դավիթ Տոնոյանի դեմ քրեական գործ է հարուցվել» վերնագրերը ընթերցողին մոլորեցնելու նպատակ հետապնդող ձևակերպումներ են, իր ֆեյսբուքյան էջում գրեց նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը, մանրամասներ հայտնելով Ց.Խաչատրյանի դիմումի մասին: Նրա խոսքերով՝ քրեական գործ հարուցելու մասին Պաշտպանության նախարարությանը պաշտոնապես չի տեղակացվել։ «Չի կարող քրգործ հարուցվել նախարարի դեմ, գործ կարող է հարուցվել փաստի առթիվ։ Պաշտպանության նախարարը որևէ քննվող գործով դատավարական կարգավիճակ չունի, անգամ՝ վկայի»,- նշեց Ստեփանյանը։

Մի քանի ժամ անց Քննչական կոմիտեն հերքեց իր իսկ հաղորդագրությունը։ Հաստատելով, որ իսկապես քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր.օր.-ի 353-րդ հոդվածի 1-ին մասի (դատական ակտը դիտավորությամբ չկատարելը) հատկանիշներով, ՔԿ-ն լրատվամիջոցներին կոչ արեց «զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, ինչպես նաև՝ ընթերցողին մոլորեցնելու նպատակ հետապնդող հրապարակումներից»:

Ընդգծենք. պաշտպանության նախարարի դեմ հարուցված քրեական գործի մասին առաջին հաղորդագրությունը հրապարակել էր «Հրապարակ» օրաթերթը 13։25-ին։ Նախարարության հերքումը հաջորդեց 4 ժամ անց։ Եվ միայն ևս գրեթե 4 ժամ անց՝ 21։30-ի սահմաններում Քննչական կոմիտեն բարեհաճեց հայտարարել, որ Տոնոյանի դեմ որևէ քրեական գործ չկա։ Այն ժամանակ, երբ սկանդալային լուրն արդեն լայնորեն տարածվել էր ԶԼՄ-ներում, այդ թվում՝ օտարերկրյա։

Ընդ որում այդչափ կոպիտ սխալի ոչ մի պարզաբանում չհաջորդեց. Ստացվեց, թե մեղավորը մամուլն է։ Թեև միանգամայն ակնհայտ է, որ առանց ՔԿ-ից ստացված հաղորդումների նման տեղեկատվություն չէր կարող լինել, և լրագրողներն այստեղ բացարձակապես կապ չունեն։ Նույնքան ակնհայտ է, որ ծուխն առանց կրակի չի լինում, և ինչ-որ մեկին հույժ անհրաժեշտ էր արձակել այդ լուրը միանգամայն որոշակի նպատակով։

Ու՞մ

Հունիսի 13-ին նույն «Հրապարակը» գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը բոլորին կասկածում է, բայց ամենից շատ վախենում է Զինված ուժերից ։ «Նեղ շրջանակում նա կասկած է հայտնել, որ կարող են ռազմական հեղաշրջում իրականացնել։ Դրանով է պայմանավորված Դավիթ Տոնոյանի վերջին օրերի ակտիվությունը, բանակի մասին հայեցակարգի հրապարակումը, որի գլխավոր ուղերձն այն է, որ բանակը չի խառնվելու քաղաքականությանը», - ասվում էր հրապարակման մեջ։ Պարբերականը հաղորդել էր նաև, որ իշխանական շրջանակներում քննարկվում են նախարարին փոխարինելու թեկնածուների անունները, այդ թվում՝ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի, որը Ապրիլյան պատերազմից հետո հեռացվել է պաշտպանության նախարարությունից՝ հետախուզության ոլորտում ձախողումների համար:

Հավաստի է տեղեկատվությունը, թե ոչ, դժվար է դատել, բայց, նկատի առնելով վերջին ժամանակների իրադարձությունների հերթագայությունը, միանգամայն տրամաբանական է թվում:

Դրանից մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ շոկային վիճակի մեջ գցեց հասարակայնությանը՝ մեկ օրում փոխելով ուժային երկու գերատեսչությունների՝ Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության ղեկավարներին, ինչպես նաև ԶՈւ գլխավոր շտաբի պետին: Կադրային փոփոխությունները, առավելևս ուժային կառույցներում, երկրում գրեթե բոլորն արդեն վաղուց ընկալում են որպես նախևառաջ վարչապետի կողմից սեփական իշխանության ամրապնդմանը միտված քայլեր՝ հավատարիմ մարդկանցով իրեն շրջապատելու միջոցով։

Իսկ վերջին օրերին, երբ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը դառնում է հիրավի աղետալի, երբ կառավարության հրաժարականի կոչերը, բողոքի զանգվածային ակցիաները, չնայած արտակարգ դրության ռեժիմին, կտրուկ հաճախականացել են, ուժայինների փոխարինումը իրեն հավատարիմ մարդկանցով միանշանակ վկայում է ընդդիմության դեմ ուժ գործադրելու Փաշինյանի պատրաստակամության մասին։ Ըստ էության, իշխանությունը դա չի էլ թաքցնում՝ հրապարակավ հնչեցնելով իր մտադրությունները։ Անձնական նվիրվածության չափորոշիչը, որը միշտ էլ անչափ կարևոր է եղել Փաշինյանի համար, այսօր վճռորոշ է դարձել պետության առանցքային պաշտոններում նշանակումներ անելիս։

Դրա առավել վառ օրինակն է կարճագույն ժամկետում ո՛չ համապատասխան փորձ, ո՛չ էլ որևէ վաստակ չունեցող 29-ամյա Արգիշտի Քյարամյանին սրընթաց թռիչքը ԱԱԾ-ի՝ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնին, որը միշտ, իրեն հարգող ցանկացած պետությունում կոչված է պաշտպանելու պետական շահերը։ Նիկոլ Փաշինյանի պարագայում և հաշվի առնելով, թե ինչով է այսօր զբաղված ԱԱԾ-ն, կասկածից վեր է այն փաստը, որ Փաշինյանը պետական շահերն ամբողջությամբ նույնացնում է անձնական շահերի հետ։ Եվ պետությանն ու ժողովրդին ծառայելու կոչված գերատեսչությունները վերածում է պատժիչ կառույցների։

Վերադառնանք Դավիթ Տոնոյանին։ Տեղի ունեցող ամենի լույսի ներքո ակներև է, որ ՔԿ-ն վարչապետի պատվերով պարզապես նախազգուշական զանգ հնչեցրեց. հաղորդումներն այն մասին, որ բարձրաստիճան պաշտոնյան, առավելևս պաշտպանության նախարարը, որպես մեղադրյալ ներգրավված է քրեական հետաքննության մեջ, հայտնվում են բնավ ոչ պատահականորեն։ Տոնոյանը միակ ուժայինն է, որ ժառանգություն է մնացել նախկին իշխանությունից, և հասարակայնության գերակշիռ մասի կողմից ընկալվում է որպես կառավարության ծայրաստիճան սակավաթիվ համարժեք դեմքերից մեկը։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ Փաշինյանը հանձին նրա տեսնում է ընդդիմության հանդեպ բռնի հաշվեհարդար տեսնելու իր ծրագրերին սպառնացող հավանական վտանգ, քանզի Տոնոյանի հետևում բանակն է։

Անկախ Հայաստանի պատմության մեջ եղել է Զինված ուժերը ներքաղաքական պայքարում օգտագործելու դեպք, և եղել է դա առաջին նախագահի օրոք։ Հիշենք տանկերը Երևանի փողոցներում 96-ի սեպտեմբերին՝ նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանի ակնհայտ պարտությունից հետո։ Մայրաքաղաք մտցնելով բանակային զորամասերը, ուժով ու բռնաճնշումներով խեղդելով միավորված ընդդիմության բողոքները, նա այնուամենայնիվ ստիպված եղավ հրաժարական տալ մեկուկես տարի անց։ Եվ նրան ստիպեցին դա անել ուժայինները, ավելի ճշգրիտ՝ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, այն ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանի հետ միասին։ Հրաժարականը պատասխանն էր Արցախի հարցում Տեր-Պետրոսյանի պարտվողական դիրքորոշմանը, որն ի չիք էր դարձնում հայ ժողովրդի հերոսական պայքարն ու հաղթանակը ։ Հրաժարականը նաև նախազգուշացում դարձավ բոլոր նրանց, ովքեր հետագայում կհանդգնեն կրկնել առաջին նախագահի լկտի փորձը։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախի հիմնախնդրի կարգավորման շուրջ, ստիպում է փորձագետներին և դիտորդներին ահազանգել, որ Նիկոլ Փաշինյանը շարժվում է հենց այդ ճանապարհով։ Անշուշտ, երկրում տիրող ներքին իրավիճակը տալիս է բոլոր հիմքերը կառավարության հրաժարականը պահանջելու համար, սակայն, կարծում ենք, հենց Արցախի հարցն է, ինչպեսև նախորդ բոլոր տարիներին, գործընթացների անվերապահ կատալիզատորը։ Գուցե հենց դա՞ է ռազմական հեղաշրջումից վարչապետի այդ սաստիկ վախի պատճառը, քանզի գերազանց հիշում է 98-ի փետրվարի դեպքերը։

Շրջապատելով սեփական անձը կոնկրետ իրեն նվիրված մարդկանցով, որոնք, դատելով ամենից, պատրաստ են ծառայել իշխանությունը պահպանելու իր շահերին, կառավարության ղեկավարը բոլոր հիմքերն ունի զգուշանալու պաշտպանության նախարարից։ Ճիշտ է, Դավիթ Տոնոյանն անցած երկու տարիների ընթացքում բացարձակապես ոչինչ չի արել, ինչը առիթ կտար Փաշինյանին կասկածելու նրան լոյալության բացակայության մեջ։ Բացի այդ, իր խարիզմայով, ասենք՝ նաև մյուս բոլոր բնութագրիչներով պաշտպանության նախարարն օբյեկտիվորեն հեռու է Վազգեն Սարգսյանից, վերջինիս նկատմամբ ողջ անմիանշանակ վերաբերմունքով հանդերձ։ Թե ընդունակ է արդյոք Տոնոյանը մտնել ներքաղաքական խաղի մեջ, նույնպես մեծ հարցական է։

Բայց այստեղ խնդիրն այլ է. խոսքը Զինված ուժերի, Հայոց բանակի մասին է։ Ժողովրդի սիրելի զավակի մասին՝ ցանկացած պարագայում և ցանկացած իշխանության օրոք։ Բանակ, որն, անշուշտ, պարտավոր է միշտ վեր կանգնած լինել ներքին գործընթացներից և չմիջամտել քաղաքական պայքարին։

Արցախի հարցը պարզապես ներքաղաքական գործոն չէ։ Դա հայոց պետության և իր հայրենիքում ժողովրդի գոյության գլխավոր գրավականն է։ Դա այն հարցն է, որն ամենաուղղակի կերպով վերաբերում է Հայոց բանակին՝ Ղարաբաղյան պատերազմում հաղթողին. ինչպես Առաջին ազատամարտում, այնպես էլ Ապրիլյան հերոսամարտում։ Այն հարցն է, որում բանակը միշտ վճռորոշ գործոն է լինելու։ Եվ որին միջամտելն անհրաժեշտության դեպքում միշտ էլ արդարացված ու օրինաչափ կլինի։