«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է գրել

Այսօր «Նորք» ԻԿՀ տնօրեն Մհեր Դավիդյանցն արտահերթ ժողով է հրավիրել հիվանդանոցի անձնակազմի հետ և ասել, որ աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Տեղեկությունը հայտնում է հիվանդանոցի մամուլի ծառայությունը։

«Տեղեկացնելով, որ այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ` Մհեր Դավիդյանցն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել»,– նշված է հաղորդագրության մեջ։

Դավիդյանցը խորին շնորհակալություն է հայտնել ողջ անձնակազմին 2 տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար, հատկապես այն ահռելի աշխատանքի, որը կատարել է «Նորք» ԻԿՀ անձնակազմը COVID–19 համավարակի շրջանում։

Հիվանդանոցի ողջ անձնակազմը Մհեր Դավիդյանցին երախտագիտություն է հայտնում կատարած անգնահատելի աշխատանքի համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։